Նյութը՝ Մարիամ Հովունու
Լուսանկարները՝ Մարիամ Հովունու
Տեղադրվել է 17-09-2017
Oriflame Fashion Weekend՝ նորաձեւության հարթակ
Շվեդական «Օրիֆլեյմ» ընկերությունը գեղեցիկ ավանդույթ է դարձրել Երեւանը նորաձեւության ինքնատիպ հարթակի վերածելը:

Երեւանի երկաթուղային կայարանում անցկացվող երկօրյա ցուցադրությունները երիտասարդ եւ արդեն իսկ իրենց մեծ համբավը վայելող դիզայներների համար իրական տոն էր, բարձր տրամադրություն, երաժշտություն եւ իհարկե իրենց մտքերը, գաղափարները զգեստների տեսքով ցուցադրելու հնարավորություն։

Արդեն 3-րդ անգամ իրականացվող Oriflame Fashion Weekend նախագիծը 2017 թվականին ընդլայնել է իր մասշտաբները` միավորելով հայազգի ճանաչված եւ սկսնակ դիզայներ-մոդելավորողների ինչպես Հայաստանից, այնպես էլ Հայաստանի սահմաններից դուրս (ԱՄՆ, Ֆրանսիա), ովքեր իրենց նոր հավաքածուներով հանդես եկան երկօրյա ցուցադրությունների ժամանակ: 

Երիտասարդ, սկսնակ, բայց արդեն իսկ իր ուրույն ձեռագիրն ունեցող Թերեզա Ղարաբաղցյանն արդեն 2-րդ անգամ է մասնակցում միջոցառմանը: Անցյալ տարի Թերեզան ներկայացրել էր 5 աշխատանք, իսկ այս տարի՝ 10-ը. «Հաջողությունը հեշտ չի տրվում ոչ մի տեղ: Իհարկե, այս ոլորտում ամեն դեպքում երիտասարդ ու ինքնուրույն քայլեր կատարող կադրի համար այնպես չէ, որ բոլոր դռները բաց են: Հայաստանի շուկան սահմանափակ չէ, եթե կարողանում ես աշխատել, հնարավորություն ունես»: 

Նարինե Բադալյանը նույնպես երիտասարդ դիզայներներից է, ով հանրությանը ներկայացրեց իր «Կարմիր» հավաքածուն։ Նա վստահ է, որ կարմիր գույնն այն բացառիկ գույներից է, որն ընդգծում է կնոջ կանացիությունը եւ գեղեցկությունը. «Հավաքածուն, որը ես այսօր ներկայացրի, ստեղծվել է 3 ամիսների ընթացքում: Առաջին կարմիր զգեստը կարել եմ ինձ համար, որից հետո հասկացա՝ այն պետք է դառնա  հավաքածու»։

Նարինեն կարեւորեց նմանատիպ միջոցառումները՝ ընդգծելով, որ դրանք առավել մեծ հնարավորություն են տալիս սկսնակ դիզայներներին, ինչու չէ, նաեւ հանրությունն է ծանոթանում տեղական արտադրանքին, ինչը շատ գովելի է։

Հիշեցնենք, որ հաղթողի համար սահմանված է նաեւ հատուկ մրցանակ՝ «Oriflame Fashion Award»՝ նոր հավաքածուի ստեղծման համար: 

Պատկերասրահ՝ Oriflame Fashion Weekend - 2017