Նյութը՝ Ռոզա Գրիգորյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 17-09-2017
«Yerevan Music Night». խենթ տոնակատարություն Ազնավուրի հրապարակում
«Կամի» երաժշտական ակումբն իր 10-ամյակի կապակցությամբ Շառլ Ազնավուրի անվան հրապարակում կազմակերպեց իսկական տոն:

Սեպտեմբերի 16-ի երեկոյան անցկացվեց «Yerevan Music Night» («Երեւանյան երաժշտական երեկո») միջոցառումը, որի շրջանակում իրականացվեց գեղեցիկ բացօթյա համերգ: 

Միջոցառմանը ելույթ ունեցան հայաստանյան լավագույն ջազ, բլյուզ կատարողները՝ Լեւոն Մալխասյանն իր ջազ բենդով, Գոռ Սուջյանը, «Կամի ընկերներ» նախագիծը, Արամ MP3-ը եւ այլք: Միջոցառման պատվավոր հյուրն էր համաշխարհային աստղ Լու Բեգան. նրա անունը գաղտնի էր մնացել գրեթե մինչեւ միջոցառման ավարտը: «Yerevan Music Night»-ի մասնակիցներն իսկական տոն պարգեւեցին երեւանցիներին ու միջոցառմանը ներկա օտարազգի հյուրերին՝ կատարելով սիրված ու արդեն հիթ դարձած բազում երգեր: Երեկոյի ընթացքում ներկաներին իրենց ելույթներով հիացրին նաեւ հայ DJ-ները: 

Նշենք, որ բացի համերգային ծրագրից՝ յուրաքանչյուր այցելու միջոցառման ընթացքում հնարավորություն ուներ վայելելու հեղինակային կոկտեյլներ, համտեսելու ուտեստներ, պարելու եւ այլն: Այցելուների մուտքն ազատ էր: 

Միջոցառման նպատակն էր նպաստել հայկական զբոսաշրջային արդյունքի դիվերսիֆիկացմանը եւ համաշխարհային շուկայում ճանաչելիության բարձրացմանը, Հայաստանի եւ Երեւանի իմիջի ամրապնդմանը:

Տեղեկացնենք, որ միջոցառման նախաձեռնողներն էին «Կամի» երաժշտական ակումբը եւ «Երեւանի գինու օրեր»-ի կազմակերպչական թիմը: 


Պատկերասրահ՝ Yerevan Music Night - 2017