Նյութը՝ Ռոզա Գրիգորյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 15-09-2017
Նորաձեւության երեկոներին ընդառաջ
Oriflame Fashion Weekend նորաձեւության եւ գեղեցկության ամենամյա մասշտաբային ցուցադրություններին ընդառաջ՝ սեպտեմբերի 14-ին, Բյուրոյում կազմակերպվեց ընդունելություն:



Միջոցառմանը մասնակցեցին Oriflame Fashion Weekend նախագծի դիզայներները, նորաձեւության բլոգերներ, գործարար ոլորտի եւ ԶԼՄ-ների ներկայացուցիչներ: Այս տարի Oriflame Fashion Weekend-ը սեպտեմբերի 16-17-ին անցկացվելու է մայրաքաղաքի պատմամշակութային նշանակության վայրերից մեկում՝ Երեւանի երկաթուղային կայարանում: 



Միջոցառմանն ընդառաջ կազմակերպված հանդիպման ընթացքում Oriflame Fashion Weekend նախագծի կազմակերպիչները ներկայացրին նախագծի նպատակները, նախատեսված միջոցառումների օրակարգը եւ ծրագրային այլ մանրամասներ, ծանոթացրին դիզայներներին, հյուրերի հետ անմիջական շփման մթնոլորտում քննարկվեցին հայաստանյան նորաձեւության ոլորտի մարտահրավերներն ու զարգացման հեռանկարները, նոր միտումները եւ թրենդային ուղղությունները, ամփոփվեցին նախագծի նախորդ 3 տարիների ցուցադրությունների արդյունքները:



«Այս տարի միջոցառմանը կմասնակցի 30 դիզայներ: Առաջին անգամ միջոցառման անցկացման համար ընտրել ենք նոր վայր՝ Երեւանի երկաթուղային կայարանը: Մեր կարծիքով՝ դա այն շենքն է, որը կարելի է համարել Երեւանի խորհրդանիշ»,- ասաց «Օրիֆլեյմ Հայաստան» ընկերության գործադիր տնօրեն Նաիրա Մարգարյանը: 



Նշենք, որ 2017 թվականին Oriflame Fashion Weekend նախագիծն ընդլայնել է իր մասշտաբները` միավորելով հայազգի ճանաչված եւ սկսնակ դիզայներ-մոդելավորողների ինչպես Հայաստանից, այնպես էլ Հայաստանի սահմաններից դուրս (ԱՄՆ, Ֆրանսիա), ովքեր իրենց նոր հավաքածուներով հանդես կգան երկօրյա ցուցադրությունների ժամանակ: 



«Անցյալ տարի նույնպես մասնակցել եմ «Օրիֆլեյմի» միջոցառմանը: Անցյալ տարի ներկայացրել էի 5 աշխատանք, իսկ այս տարի՝ 10-ը: Հաջողությունը հեշտ չի տրվում ոչ մի տեղ: Իհարկե, այս ոլորտում ամեն դեպքում երիտասարդ ու ինքնուրույն քայլեր կատարող կադրի համար այնպես չէ, որ բոլոր դռները բաց են: Հայաստանի շուկան սահմանափակ չէ, եթե կարողանում ես աշխատել, հնարավորություն ունես: Իհարկե, բարդություններ նույնպես հանդիպում են»,-Eritasard.am-ի հետ զրույցում նշեց դիզայներ-մոդելավորող, «Teress» բրենդի հիմնադիր Թերեզա Ղարաբաղցյանը: 



Oriflame Fashion Weekend նախագիծը 2014 թվականից հայ դիզայներների համար իրենց հավաքածուները եւ նոր գաղափարները հանրության լայն շրջանակներին ցուցադրելու բացառիկ հարթակ է դարձել: Նախագիծը բաղկացած է շոու-ցուցադրություններից, որոնց մասնակցում են արդեն ճանաչում ունեցող, հեղինակավոր, ինչպես նաեւ նախորդ տարիներին նախագծին մասնակցած հայ դիզայներներ: Արդեն երկրորդ տարին է` նախագիծն ունի նաեւ մրցութային մաս, որին մասնակցում են սկսնակ դիզայներներ, որոնց եւս իրենց հավաքածուները ցուցադրելու հնարավորություն է ընձեռված:



Հաղթողի համար սահմանված է նաեւ հատուկ մրցանակ՝ Oriflame Fashion Award՝ նոր հավաքածուի ստեղծման համար: