Նյութը՝ Հրաչուհի Ալմաստյանի
Լուսանկարները՝ Զարուհի Իսավերդյանի
Տեղադրվել է 15-09-2017
«Արի՛ գրՔախառնվենք»՝ ԵՊՀ ռուս բանասիրության ՈՒԽ-ում
ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետի ուսանողական խորհուրդը կազմակերպում է «Արի՛ գրՔախառնվենք» խորագիրը կրող գրքի քննարկումների շարքը:

Այսօր ուսանողների կողմից քննարկման սեղանին էր Ստեֆան Ցվայգի «Անծանոթուհու նամակը» ստեղծագործությունը: Ներկաների քանակից կարելի էր ենթադրել, որ Ցվայգը երիտասարդների համար շարունակում է մնալ պահանջված եւ սիրելի:

«Գրքում ինքնազոհողության տանող սիրո թեման է: Քննարկման ընթացքում փորձեցինք զուգահեռներ անցկացնել նաեւ ռուս դասականների ստեղծագործությունների հետ: Յուրաքանչյուրն ազատ էր իր կարծիքն ու տեսանկյունը արտահայտելու առումով»,- ասաց քննարկման մասնակից Ալիսա Ավետիսյանը:

Վարսենիկ Օհանյանն էլ փաստում է, որ ստեղծագործության գլխավոր հերոսուհու քայլերը մեկնաբանվում են՝ սեռահասունացման տարիքով պայմանավորված. «Գրքի հերոսը զրկված է հորից եւ առաջին հանդիպած տղամարդը, որից նա կախում ուներ, Ռ-ն է: Մենք տեսանք, որ նա իդեալական կնոջ կերպար է»: 

ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետի ՈՒԽ նախագահ Հայարփի Ղազարյանը նշում է, որ գրքի քննարկման ակումբ ստեղծելու գաղափարը վաղուց է եղել. «Այս տարի ՈՒԽ-ականների ջանքերով հաջողվեց քննարկումների շարքը սկսել: Լիահույս ենք, որ ավելի շատ ուսանողներ կմիանան նաեւ այլ ֆակուլտետներից»:

Հավելենք, որ քննարկման լեզուն հայերենն է: Այն բաց է նաեւ այլ համալսարանների ուսանողների համար: