Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 11-09-2017
Սեւակ Խանաղյան. «Ես ապրում եմ երաժշտությամբ, այն իմ կյանքն է»
Այսօր Վ. Բրյուսովի անվան համալսարանը հյուրընկալել էր հայազգի ճանաչված երգիչ, ուկրաինական «Х-фактор» նախագծի հաղթող Սեւակ Խանաղյանին: Ներկա էին ռեկտորի տեղակալ Հասմիկ Ափյանը, Ուսանողական խորհրդի փոխնախագահ Աննա Աչոյանը, դասախոսներ եւ ուսանողներ:



Երգչին ուսանողները դիմավորեցին նրա երգի ներքո, այնուհետեւ խաղ-նկարագրության միջոցով ստուգեցին նրա` իր երգերը լավ իմանալը: 



Սեւակ Խանաղյանն անկեղծ զրույց ունեցավ ուսանողների հետ` պատասխանելով նրանց հարցերին: Երգչի խոսքով` կյանքում տարբեր իրավիճակներ են լինում, որ երբեմն դժվար է լինում արտաբերել որոշ արտահայտություններ, իսկ դա այն պատճառով է, որ պարզապես չես հասկանում, թե ինչու այդպես եղավ: Նրա համար ամենադժվար արտաբերվող արտահայտությունը «Ինչո՞ւ ինձ դավաճանեցիր»-ն է:



Eritasard.am-ի թղթակցի այն հարցին, թե ինչպես է Սեւակ Խանաղյանը վարվում իր վայրէջքների եւ վերելքների ժամանակ, արտիստը նշեց. «Իհարկե, լինում են վայրէջքներ եւ վերելքներ, ու ես էլ անմասն չեմ մնացել այդ ամենից: Եթե ունեցել եմ վայրէջք, ապա չեմ հուսահատվել, այլ հակառակը` սկսել եմ ավելիին ձգտել, իսկ վերելքներն ինձ չեն թողել, որ բավարարվեմ նրանով, ինչին հասել եմ: Ես միշտ պայքարել եմ»:



Սեւակ Խանաղյանը կուռքեր չունի, սակայն հարգում եւ ընդունում է որպես կուռք այն մարդկանց, ովքեր ունեն սեփական սկզբունքները: 



Հարցին, թե արդյոք կընտրեր երգչի մասնագիտությունը, եթե երկրորդ անգամ ծնվեր, Սեւակը պատասխանեց. «Ես առհասարակ ոչինչ չէի փոխի իմ կյանքում: Ես կփորձեի ապրել առանց սխալներ գործելու: Ես շատ լավ գիտեմ իմ սխալները, բայց միանշանակ կընտրեի երգչի մասնագիտությունը: Ես ապրում եմ երաժշտությամբ, այն իմ կյանքն է: Ես ամեն վայրկյան մտածում եմ երգի ու երաժշտության մասին, անգամ՝ ինքնաթիռում: Ես իմ սիրելի գործով եմ զբաղվում, իսկ դա ամենակարեւորն է: Այլ կերպ ասած` ես շրջապատված եմ երաժշտությամբ»:



Ուկրաինական «Х-фактор» նախագծում տոնած հաղթանակի մասին խոսելիս արտիստը նշեց, որ չի սպասել, որ հաղթանակ կտանի: Շատերը պնդել են, որ ինքը բեմում ժպտացել է, քանի որ իմացել է, որ ինքն է հաղթելու: 



«Իրականում ես վստահ էի, որ ուկրաինական խումբն է հաղթելու, քանի որ ես հայ էի, ով ապրում է Ռուսաստանում, եւ ով մասնակցում է ուկրաինական մրցույթին: Ես պարզապես ժպտում էի, քանի որ 2-րդ տեղը գրավելու դեպքում ես պետք է գլուխս բարձր ու ժպիտով հեռանայի»,- ասաց երգիչը: 



Նշենք, որ ուսանողները երգչի համար հոլովակ էին պատրաստել, որը պատմում էր նրա անցած ուղու մասին: