Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 04-09-2017
Կայացավ «Savage of Sevan Triathlon-2017»-ը
Սեպտեմբերի 3-ին Սեւանում կայացավ «Savage of Sevan Triathlon-2017»-ը: Առողջ ապրելակերպի եւ սպորտի սիրահարները մասնակցեցին լողի (1.9 կմ), հեծանվավազքի (90 կմ) եւ վազքի (21.1) մրցույթներին:
«Savage of Sevan» թիմի հետ աշխատանքներին մասնակցել է նաեւ «TriClub»-ը: Վերջինիս ներկայացուցիչ Էվելինա Խաչատրյանը Eritasard.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ այս տարի մասնակիցների թիվը երկու անգամ ավելի է: Մասնակցության հայտ ներկայացրած 40-ից ավելի մասնակիցներից միայն 35-ն էին մասնակցում: Մասնակիցները ոչ միայն Հայաստանից էին, այլեւ Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Իսպանիայից եւ այլ երկրներից: 
 
«Մասնակցությունը տարբեր ձեւաչափով է: Կան մասնակիցներ, ովքեր ե՛ւ լողում են, ե՛ւ հեծանիվ են վարում, ե՛ւ վազում, սակայն ունենք նաեւ թիմային մասնակցության տարբերակ, որի համաձայն՝ թիմի անդամներից յուրաքանչյուրը մեկ կամ երկու մրցույթի է մասնակցում՝ վերջնական արդյունքում ներկայացնելով թիմային հաշիվ»,- նշեց Էվելինա Խաչատրյանը: 
 
«Երեւանի կիսամարաթոն»-ի սպորտային տնօրեն, Եռամարտի ակումբի համահիմնադիր Վահագն Թուխարյանը մասնակիցներին եւ ներկաներին ներկայացրեց կանոնակարգը: Մրցույթի ողջ ընթացքում մասնակիցներին օգնում էին կամավորները: 

Նշենք, որ պայքարը հատկապես թեժ էր տղամարդկանց միջեւ, սակայն կանայք ե՛ւ ջրում, ե՛ւ ցամաքում չէին զիջում տղամարդկանց: 

Արդյունքները ներկայացնում ենք ստորեւ.
Կանայք
1. Նինա Մատվեեւա
2. Սոֆյա Կուտս
3. Սաթենիկ Մնացականյան

Տղամարդիկ 
1. Անդրանիկ Մարգարյան
2. Ալեքսանդր Կուտս
3. Պավել Գորկով

Կանանց խումբ
1. Պոնչոներ
2. Էլ Էմ Էմ

Տղամարդկանց խումբ
1. Մգոռ
2. Վգոռ
3. Ֆեմիդա
 
Մեր թղթակցի հետ զրույցում 1-ին տեղը զբաղեցրած Անդրանիկ Մարգարյանը, ով նաեւ մասնակցել է տարբեր վազքի մրցույթներին, ակումբի կողմից կազմակերպվող անվճար մարզումների մարզիչներից է: Հաշվի առնելով մրցույթի ձեւաչափը՝ Անդրանիկ Մարգարյանը կարծում է, որ սա իր առաջին կարեւոր հաղթանակն է: Վերջինս մրցույթի մասնակցել է նաեւ Սոչիում, սկայան «Savage of Sevan Triathlon-2017»-ը նրա համար առանձնահատուկ դեր ու նշանակություն ունի: 

«Ես սպորտով մոտ 6 տարի եմ զբաղվում՝ 21 տարեկանից, ինչը, սակայն, շատերի պնդմամբ ուշ է սպորտով զբաղվելու համար: Ամեն դեպքում ես իմ փորձից կարող եմ ասել, որ երբեք էլ ուշ չէ»,- նշեց Անդրանիկ Մարգարյանը:
 
Այն հարցին, թե ինչ տվեց իրեն այդ հաղթանակը, նա նշեց, որ դա իրեն առաջին հերթին հույս տվեց, ոգեւորեց, որպեսզի առավել ջանասիրաբար պարապի, պատրաստվի՝ հաջորդ տարի մասնակցելու համար: 

Նշենք, որ բոլոր մասնակիցները պարգեւատրվեցին մեդալներով եւ խորհրդանշական շապիկներով: 

Պատկերասրահ՝ Savage of Sevan Triathlon-2017