Նյութը՝ Հարություն Ծատրյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 10-08-2017
Հաղթական մեկնարկ բասկետբոլում
Բասկետբոլի Հայաստանի հավաքականի հաղթանակը մրցակցի՝ Սլովակիայի ընտրանու նկատմամբ հավատ է ներշնչում թիմի լուսավոր ապագայի հանդեպ:

Վերջերս կազմավորված բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականը գլխավոր մարզիչ Նիկշա Բավցեւիչի ղեկավարությամբ վերջին օրերին նախապատրաստական լավ փուլ անցավ եւ ստուգողական-ընկերական խաղերում էլ ապացուցեց, որ դյուրին մրցակից չի լինելու ահեղ մրցակիցների համար: Չնայած այդ ամենին՝ Սլովակիայի հավաքականի հետ Աշխարհի առաջնության ընտրական փուլի առաջին խաղի մեկնարկում Հայաստանի ընտրանին չափազանց հուզված էր ու անվստահ տեսք ուներ: Հետեւանքը եղավ 15-20 հաշվով պարտությունն առաջին քառորդում:

«Առաջին քառորդում չխաղացի մարզչի որոշմամբ, բայց խաղահրապարակ դուրս գալուն պես նվիրվեցի գործին ու արդյունքը եղավ վաստակած միավորները: Մենք լավ թիմ ունենք, բոլորս էլ երիտասարդ ենք եւ հասկանում ենք իրար, գիտենք՝ ինչպես է պետք խաղալ իրար հետ»,- խաղից հետո նշեց հավաքականի հարձակվող Արկադի Մկրտիչյանը:

Հենց այն հանգամանքը, որ ազգային հավաքականում կա Արկադի Մկրտիչյանի պես ռազմիկ, թույլ է տալիս վստահ ասել՝ այդ թիմը վախենալու առիթ չունի: Երկրորդ խաղափուլում հայտնվելով խաղահրապարակում` Մկրտիչյանը հիմնովին փոխեց ուժերի հարաբերակցությունը եւ բեկեց խաղի ընթացքը: Երկրորդ քառորդն ավարտվեց 31-10 հաշվով՝ հօգուտ Հայաստանի հավաքականի:

Մրցակիցն այլեւս չէր կարողանում ազատ գործել մեր հավաքականի 3 վայրկյանանոց գոտում եւ դեպի օղակը դիպուկ նետել միջին տարածությունից: Արտյոմ Թավաքալյանը ամբողջովին փակել էր սլովակների առաջատար Ջոնսին, Լյուկ Ֆիշերը տնօրինում էր օղակների տակ, Ռայան Բոտրայթն էլ հավասարակշռությունից հանում էր մրցակցի ամենափորձառու պաշտպաններին, իսկ Ալան Հեսը.... Նա փայլում էր ու միավորներ վաստակում հեռու եւ միջին տարածություններից: Այսպիսի խաղը չէր կարող հաղթական ավարտ չունենալ. 75-61, եւ իր առաջին պաշտոնական խաղում Հայաստանի հավաքականը տանում է պատմական ու սենսացիոն հաղթանակ:

Ի դեպ, «սենսացիոն» մեր հաղթանակն առաջինն անվանել է բասկետբոլի միջազգային ֆեդերացիայի պաշտոնական կայքը: Մինչդեռ գլխավոր մարզիչ Նիկշա Բավցեւիչը վստահ էր խաղից առաջ, որ ամեն ինչ կարող էր հենց այսպիսի ավարտ ունենալ. «Մեր խաղն իսկապես հիանալի էր: Կուզեի ավելի շատ երկրպագուներ լինեին ու վայելեին այն: Մենք արժանիորեն հաղթեցինք ուժեղ մրցակցին: Ցավում եմ, որ անհարկի դադարներ եղան, եւ թիմը կորցրեց խաղային ռիթմը, այլապես 2-րդ քառորդում մենք կարող էինք ավելի լավ ցուցանիշ ունենալ, քան 23 միավոր առավելությունն էր»:

Արդեն հաջորդ մրցակցի մասին էր մտածում հավաքականի հաջողության կայացման գործում մեծ ավանդ ներդրած Ռայան Բոտրայթը: Հավաքականի խաղարկողը վստահ է, որ հետագայում էլ հաջողությունը Հայաստանի ընտրանուն կօգնի. «Այս հաղթանակը մեզ լրացուցիչ լիցքեր կտա Շվեդիայի հավաքականի հետ խաղի նախապատրաստական փուլում: Սլովակների հետ խաղն արդեն անցյալում է եւ պետք է կենտրոնանալ հաջորդ մրցակցի հետ խաղի վրա: Երկրպագուների աջակցությունն իսկապես կարեւոր է, նրանք 6-րդ խաղացողն են ու միշտ կարողանում են օգնել»:

Աշխարհի առաջնության ընտրական փուլի երկրորդ հանդիպումը Հայաստանի ընտրանին կանցկացնի օգոստոսի 5-ին՝ հյուրընկալելով Բոսնիա եւ Հերցեգովաինայի հավաքականի նկատմամբ կամային հաղթանակ տարած Շվեդիայի ընտրանուն: