Նյութը՝ Հարություն Ծատրյանի
Լուսանկարները՝ Հարություն Ծատրյանի
Տեղադրվել է 29-07-2017
Երիտասարդական մրցույթն ընդլայնում է մասնակիցների սահմանը
«100 գաղափար Հայաստանի համար» հանրապետական մրցույթն այս տարի կդառնա համահայկական՝ Սփյուռքի երիտասարդներին եւս իրենց գաղափարները՝ ի նպաստ հայրենիքի զարգացման, ներկայացնելու հնարավորություն տալով:

«100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի կազմկոմիտեի մասնակցությամբ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունում քննարկում էր կազմակերպվել՝ այս տարվա անվանակարգերը հաստատելու եւ անցկացման ժամկետները հստակեցնելու համար: Սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանը նշեց, որ անցած տարի առաջին անգամ հանրապետությունով մեկ անցկացված մրցույթի սահմանները կարելի է ընդլայնել. «Սերտորեն համագործակցելով Սփյուռքի նախարարության հետ՝ նաեւ մեր աշխարհասփյուռ երիտասարդներին ներգրավելու, նրանց գաղափարները լսելու, դրանք հանրայնացնելու հնարավորություն կընձեռենք: Մրցույթի անվանակարգերի քննարկումն ու վերջնական հաստատումը կարեւոր են՝ հաշվի առնելով նախորդ տարվա փորձը»:

«100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի կազմկոմիտեի անդամ Դավիթ Հայրապետյանի խոսքով՝ բացի դրամական պարգեւից՝ հաղթողներն իրենց գաղափարը հանրայնացնելու հնարավորություն են ստանում, ինչը պակաս կարեւոր չէ դրա իրագործման համար: Բացի գաղափարի տեսանելիությունից՝ երիտասարդական մրցույթում հաղթած նախագծերը մասնակցում են «100 գաղափար ԱՊՀ-ի համար» միջազգային մրցույթին:

«Բավականին հետաքրքիր ֆիլմ է պատրաստվել նախորդ մրցույթում հաղթած նախագծերի վերաբերյալ: Այդպես երիտասարդները կարողանում են նաեւ տեսանելի դարձնել իրենց գաղափարները: Լավագույն գաղափարների իրագործման ճանապարհին տեսանելիությունն այսօր եւս պակաս կարեւոր չէ»,- նշեց Դավիթ Հայրապետյանը՝ ընդգծելով, որ 100 գաղափարը խորհրդանշական բնույթ ունի. դրանք կարող են անգամ 100-ից ավելին լինել: Առաջնահերթությունը, իհարկե, տրվելու է գաղափարների նորարարությանը եւ դրանց կիրառելիությանը:

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ, «100 գաղափար Հայաստանի համար» երիտասարդական մրցույթի կազմկոմիտեի նախագահ Արսեն Քարամյանի խոսքով՝ այսօր առաջնահերթ նպատակն է զարգացնել երիտասարդների նորարարական մտածողությունը, նրանց ներգրավել երկրի սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման գործընթացներում, խթանել գիտատեխնիկական մշակումները. «Պետք է գաղափարական բարեփոխումներ կատարենք, որպեսզի մեր վաղվա օրը լինի ավելի լավը: Բարեփոխումների իրականացման գործում երիտասարդների ներգրավվածությունը մշտապես առաջնահերթ է»:

Երիտասարդական մրցույթի կազմկոմիտեի անդամները որոշեցին առաջիկա օրերի ընթացքում վերջնականապես հստակեցնել նոր, արդեն համահայկական դարձած մրցույթի կանոնակարգը, մասնակցության պայմանները, անվանակարգերը, ինչպես նաեւ անցկացման ժամկետները: Հավանական է անգամ, որ այս տարի մրցույթին կարողանան մասնակցել նաեւ ավելի փորձառուները. տարիքային սահմանափակման /16-ից 30 տարեկան/ շեմը կարող է բարձրացվել՝ հասնելով մինչեւ 35-ի, ինչը լավ հնարավորություն է ավելի փորձառուների հետաքրքրվածությունը մրցույթի հանդեպ մեծացնելու առումով:


Պատկերասրահ՝ Քննարկում` «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի կազմկոմիտեի մասնակցությամբ