Նյութը՝ Հարություն Ծատրյանի
Լուսանկարները՝ www.fifa.com-ից
Տեղադրվել է 25-06-2017
Ռուսաստանը հրաժեշտ տվեց ֆուտբոլային երազանքին
Մեքսիկայի հետ խաղում Ռուսաստանի հավաքականը տանուլ տվեց ֆուտբոլային համազգային ցանկությունը՝ Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում հայտնվելը։

Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության հյուրընկալ երկիրը՝ Ռուսաստանը, չկարողացավ հաղթել ԿՈՆԿԱԿԱՖ-ի չեմպիոն Մեքսիկային եւ դուրս մնաց մրցաշարից, իսկ Պորտուգալիան ջախջախեց ՆորԶելանդիային։ Օվկեանիայի չեմպիոնը չկարողացավ ոչինչ հակադրել Եվրոպայի չեմպիոնին ու նախորդ մրցաշրջանի արդյունքով աշխարհի լավագույն ֆուտբոլիստ Քրիշտիանու Ռոնալդուին։ Դրամատիկ ստացվեց հատկապես Կազան Արենայում կայացած Մեքսիկա-Ռուսաստան խաղը, որի ավարտից հետո երկրպագուներից շատերը լացում էին եւ ափսոսում...

Կազանում ամեն ինչ հաջող էր սկսվել ռուսների համար։ Ալեքսանդր Սամեդովի ջանքերով Ռուսաստանն արդեն 25-րդ րոպեին առաջ անցավ հաշվի մեջ։ Ռուսների ուրախությունը տեւեց շատ կարճ՝ հինգ րոպե։ Մեքսիկացիները 30-րդ րոպեին վերականգնեցին հաշվի հավասարությունը՝ 1-1:

Ընդմիջումից հետո ճակատագրական սխալ թույլ տվեց Իգոր Ակինֆեեւը։ Փորձառու դարպասապահը, դուրս գալով մրցակցին դեմ հանդիման, համարձակվեց պարտվել օդային պայքարում, ինչի արդյունքում Լոսանոն առաջ մղեց Մեքսիկայի հավաքականին՝ 2-1:

Սեփական երկրպագուների աչքի առջեւ Ռուսաստանը չէր կարող թեւաթափ լինել. դեռ ժամանակ կար պայքարի համար։ Չնայած եղան փոխարինումներ, սակայն խաղի հաշիվը չփոխվեց։ Մեքսիկան հաղթեց ու ապահովեց իր տեղը կիսաեզրափակիչում։ ԿՈՆԿԱԿԱՖ-ի չեմպիոնի մրցակիցը պարզ կլինի B խմբում կայանալիք խաղերից հետո։



Սանկտ Պետերբուրգում առանց խնդիրների խաղ անցկացրեց Եվրոպայի չեմպիոն Պորտուգալիան։ Հանդիպման հաշիվը բացեց Քրիշտիանու Ռոնալդուն՝ 33-րդ րոպեին դիպուկ իրացնելով 11 մետրանոց հարվածը։ Հաշված րոպեներ անց իր խոսքն ասաց Բեռնարդու Սիլվան՝ եզրափակելով թիմակիցների ձեռնարկած գրոհը։

Երկրորդ խաղակեսում Պորտուգալիան շարունակեց գոլային քաղցը լրացնել։ Հանդիպման ավարտից տասը րոպե առաջ երրորդ գնդակը Նոր Զելանդիայի դարպասն ուղարկեց Անդրե Սիլվան, իսկ հանդիպման հիմնական ժամանակից ավելացված առաջին լրացուցիչ րոպեին աչքի ընկավ Լուիշ Նանին՝ ձեւակերպելով խաղի վերջնական հաշիվը՝ 4-0:

A խմբում թե՛ Պորտուգալիան, թե՛ Մեքսիկան երեք խաղերից հետո 7 միավոր ունեցան, սակայն լրացուցիչ ցուցանիշներն օգնեցին Եվրոպային չեմպիոնին խմբում առաջին տեղը զբաղեցնել։ Ռուսաստանը երեք խաղից հետո երեք միավորով դուրս մնաց պայքարից, իսկ Նոր Զելանդիան այդպես էլ միավոր չվաստակեց։ Օվկեանիայի չեմպիոնները կարող են ուրախանալ միայն Մեքսիկայի դարպասը խփած գնդակի համար։