Նյութը՝ Հայկ Ծատրյանի
Լուսանկարները՝ www.fifa.com-ից
Տեղադրվել է 23-06-2017
Ռուսաստանում խոշորագույն ֆուտբոլային տոն է կազմակերպվել
Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկությունը Ռուսաստան է բերել մայրցամաքների ուժեղագույն հավաքականներին՝ յուրատեսակ ստուգատես դառնալով աշխարհի 2018 թ.-ի առաջնությունից առաջ։

Հունիսի 17-ից Ռուսաստանի չորս քաղաքներ՝ Սանկտ Պետերբուրգը, Մոսկվան, Կազանը եւ Սոչին հյուրընկալել են ՖԻՖԱ-ի հովանու ներքո անցկացվող խոշոր մարզական մրցաշարը՝ Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկությունը։ Ռուսաստան են ժամանել բոլոր մայրցամաքների չեմպիոնները։

Օվկիանիայի չեմպիոնը՝ Նոր Զելանդիան, մրցաշարին մասնակցում է որպես ամենափորձառու թիմերից մեկը, ինչը չի կարելի ասել Պորտուգալիայի հավաքականի մասին: «ԵՎՐՈ-2016»-ի հաղթող պորտուգալացիները պատմության մեջ առաջին անգամ են մասնակցում Կոնֆեդերացիաների գավաթին: Աշխարհի չեմպիոն Գերմանիան մրցաշարին մասնակցելու փորձ ունի, սակայն ներկայացել է չափազանց փորձարարական կազմով. Յոհախիմ Լյովը Ռուսաստան է բերել բազմաթիվ երիտասարդների, որոնք փորձում են ապացուցել՝ իրենք չեն զիջում իրենց աստղային հայրենակիցներին:

Հարավային Ամերիկայի չեմպիոն Չիլին մրցաշարի ամենափորձառու թիմն է հայտավորված ֆուտբոլիստների միջին տարիքի առումով: Չիլիացիները համարվում են այս մրցաշարի հաղթողի հիմնական հավակնորդներից մեկը: Մյուս հավակնորդը Հյուսիսային Ամերիկայի՝ ԿՈՆԿԱԿԱՖ-ի չեմպիոն Մեքսիկան է: Մեքսիկացիները մրցաշարում հաղթելու պատմական փորձ ունեն եւ Ռուսաստան են բերել իրենց լավագույն ֆուտբոլիստներին:

Այս տարվա սկզբին Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկությունում հաղթած Կամերունը մրցաշարին մասնակցում է որպես Աֆրիկա մայրցամաքի ուժեղագույն հավաքական: Ավստրալիայի հավաքականն էլ Կոնֆեդերացիաների գավաթում ներկայացնում է ասիական գոտին (Ասիայի չեմպիոնն է), որտեղ արդեն երկար տարիներ համարվում է ուժեղագույններից մեկը: Միակ ոչ չեմպիոնը մրցաշարը հյուրընկալող Ռուսաստանն է, որը պատրաստվում է 2018 թ.-ի աշխարհի առաջնությանը:

Վերոնշյալ 8 երկրների թիմերը բաժանվել են երկու՝ Ա եւ Բ խմբերի՝ 4-ական ներկայացուցիչներով:

Մրցաշարի բացման խաղը կայացավ Սանկտ Պետերբուրգի Կրեստովսկի կղզում նոր կառուցված ստադիոնում: Ռուսաստանի հավաքականը դժվարությունների չհանդիպեց Նոր Զելանդիայի ընտրանու հետ խաղում՝ հաղթելով 2-0 հաշվով: Մոսկվայում՝ «Սպարտակ» ստադիոնում, սակայն ռուսների բախտը չբերեց Եվրոպայի չեմպիոնի հետ խաղում: Քրիշտիանու Ռոնալդուի խփած միակ գնդակը նվազագույն հաշվով հաղթանակ բերեց պորտուգալացիներին, որոնք, մրցաշարի առաջին խաղում մրցելով Մեքսիկայի հավաքականի հետ, ոչ-ոքի՝ 2-2 էին խաղացել Կազանում: ԿՈՆԿԱԿԱՖ-ի չեմպիոնը մրցաշարի երկրորդ խաղում, ինչպես եւ Պորտուգալիան, հաղթանակ տոնեց՝ Սոչիի «Ֆիշտ» ստադիոնում 2-1 հաշվով առավելության հասնելով Նոր Զելանդիայի հավաքականի նկատմամբ: Այսպիսով՝ բացի Նոր Զելանդիայից՝ մնացած երեք թիմերը պահպանում են կիսաեզրափակիչ դուրս գալու հնարավորությունը: Այդ պարագայում հունիսի 24-ին կայանալիք Մեքսիկա-Ռուսաստան խաղը կենտրոնական նշանակություն ունի:
 
Բ խմբում եւս իրավիճակը հետաքրքիր է: Մոսկվայում Չիլիի հավաքականը 2-0 հաշվով առավելության հասավ Կամերունի նկատմամբ: Այդ խաղում, ինչպես եւ ամբողջ մրցաշարի ընթացքում կիրառված տեսակրկնությունների համակարգը օգնեց չեղարկելու երկու խփված գնդակ: Մրցավարների «նոր օգնականը» մեկական անգամ տխրեցրեց թիմերին՝ արձանագրելով խախտումներ, որոնք դուրս էին մնացել հանդիպումը սպասարկող գլխավոր մրցավարի տեսադաշտից: Չիլիի հաջորդ մրցակիցն աշխարհի չեմպիոն Գերմանիան էր, որը մրցաշարում իր առաջին խաղն անցկացրեց Սոչիում՝ ուժերը չափելով Ասիայի չեմպիոնի հետ ու 3-2 հաշվով հաղթելով: Չիլի-Գերմանիա խաղը «Կազան Արենան» վերածեց ֆուտբոլի տոնի՝ երկրպագուներին պարգեւելով անմոռանալի զգացմունքներ: Երկու թիմերն էլ հաղթելու մեծ ցանկություն դրսեւորեցին, սակայն ոչ-ոքի՝ 1-1 խաղացին: Նույն արդյունքը գրանցվեց նաեւ Սանկտ Պետերբուրգում կայացած Կամերուն-Ավստրալիա խաղում: Եթե Գերմանիան Կամերունի հետ խաղից առաջ գրեթե ապահովել է իր տեղը կիսաեզրափակչում, ապա Չիլիին անհրաժեշտ է հունիսի 25-ին չպարտվել Ավստրալիային:

Հ.Գ.: Մրցաշարի խմբային փուլի վերջին տուրից առաջ արդեն Մոսկվա է ժամանել Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկությանը հավատարմագրված լրագրող Հարություն Ծատրյանը: «Երիտասարդ» առցանց պարբերականի թղթակիցը հետաքրքիր անդրադարձ է պատրաստում: