Նյութը՝ Հ. Ծատրյանի
Լուսանկարները՝ Հ. Ծատրյանի
Տեղադրվել է 21-06-2017
Ֆուտբոլի տարերային զարգացումը Հայաստանում ցանկալի անհրաժեշտություն է
Նորաստեղծ հասարակական կազմակերպությունը, որը միավորել է ֆուտբոլի ոլորտին քաջածանոթ մարդկանց, նպատակ ունի իրականացնելու մի շարք կարեւոր ծրագրեր:

Կառույցի համահիմնադիրները դեպի ապագան նայող լավ ծրագրեր ունեն, պատրաստ են իրենց ուժերի ներածին չափով աշխուժություն մտցնել ֆուտբոլի զարգացման գործում:

Հստակ նպատակներ հետապնդող հասարակական կազմակերպությունն ընդամենն օրերս է պետական ռեգիստրում գրանցում ստացել, ունի նաեւ բավականին խորհրդանշական տարբերանշան՝ բնորոշող պատանի եւ վետերան ֆուտբոլիստների համերաշխությունը: Չնայած կազմակերպությունը նոր է, սակայն արդեն սկսել է ակտիվ աշխատանք տանել ոլորտում դրական ու ցանկալի փոփոխությունների հասնելու համար: Կառույցի համահիմնադիրները ֆուտբոլի ոլորտին քաջածանոթ մարդիկ են՝ Սլավա Սարգսյան, Աշոտ Մանուկյան, Էդիկ Մարգարյան, Յուրա Մամիկոնյան եւ Սամվել Ղասաբօղլյան: 

«Հայկական ֆուտբոլի վետերանների եւ պատանի ֆուտբոլիստների համերաշխություն» անվամբ հասարակական կազմակերպությունը հստակ նպատակներ ունի եւ լրջորեն է տրամադրված՝ սերտորեն համագործակցելով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ:

Անվանի մարզական մեկնաբան, կառույցի համահիմնադիր Սլավա Սարգսյանը նշեց, որ ՀՖՖ-ի կողմից ստեղծված եւ համայնքապետարաններին տրված բակային ֆուտբոլի խաղահրապարակները մեծապես անգործության են մատնված, ինչն անթույլատրելի երեւույթ է. «Մեր կազմակերպությունը երկրում պետք է ստեղծի այնպիսի իրավիճակ, որ երեխաները կրկին հայտնվեն այդ խաղահրապարակներում: Անհրաժեշտ է համագործակցել այլ կազմակերպությունների հետ, որպեսզի զարգացնենք ոչ միայն բակային ֆուտբոլը: Այսօր ֆուտբոլի, առողջ ապրելակերպի քարոզչություն պետք է լինի ոչ միայն մայրաքաղաքում, այլեւ ամբողջ երկրով մեկ՝ ներառելով մարզային փոքր համայնքները, գյուղերը»:

Հասարակական կազմակերպության համահիմնադիրներն ընդգծեցին, որ եթե մարզերում ֆուտբոլի զարգացման լուրջ ծրագրեր են պետք, անհրաժեշտ է նաեւ ենթակառուցվածքներ ունենալ, ապա Երեւանում կան բազմաթիվ խաղահրապարակներ, որտեղ անհրաժեշտ է ակտիվություն մտցնել, զարգացնել բակային ֆուտբոլը՝ ներգրավելով նաեւ անվանի հայ ֆուտբոլիստների:

«Մեր կազմակերպության համահիմնադիր է այնպիսի լեգենդար ֆուտբոլիստ, ինչպիսին է Սամվել Ղասաբօղլյանը: Երբ երեխաները ֆուտբոլ խաղան այսպիսի լեգենդար մարդու աչքի առաջ, ապա իրենց համար էլ դա ոգեւորիչ կլինի: Պետք է ոգեւորություն բերել, ամեն բան անել, որպեսզի հնարավորինս շատ մարդիկ ներգրավվեն ֆուտբոլում»,- շեշտեց կազմակերպության համահիմնադիր Յուրա Մամիկոնյանը:

Կազմակերպության նպատակները ներկայացնելիս Էդիկ Մարգարյանը հատուկ ընդգծեց, որ իրենց առաջնային նպատակն է համախմբել այն անձանց եւ արդեն իսկ գոյություն ունեցող կազմակերպություններին, որոնք շահագրգիռ են զարգացնելու ֆուտբոլը. «Հստակ քայլերով կարող ենք հասնել իրավիճակի փոփոխության: Պետք է համագործակցել այլ կառույցների հետ եւս: Առանց ՀՖՖ-ի հետ համագործակցության Հայաստանում ոչ ոք իրավունք չունի ֆուտբոլ զարգացնել: Մեր համագործակցությունը սկսվել է: Մեր առաջին միջոցառումը Սեւանի քրեակատարողական հիմնարկում է լինելու: Այնտեղ կա հրաշալի ֆուտբոլի մարզադաշտ: Անցկացնելու ենք վետերանների եւ կալանավորների միջեւ ֆուտբոլային հանդիպում: ՀՖՖ-ն տրամադրել է անհրաժեշտ գույք՝ մարզաշապիկներ, գնդակներ, մրցավարն էլ կլինի ՀՖՖ-ից»:

Հասարակական կազմակերպության ներկայացուցիչները պատրաստվում են մոտակա օրերին նոր անդամներ ընդունելուն, իսկ ավելի ուշ զբաղվելու են հայկական ֆուտբոլի պատմության թանգարանի հիմնելու առաքելությամբ: Ակնկալվող թանգարանում կլինեն տարբեր տարիների ազգային հավաքականների մասին նյութեր, ձայնագրություններ, մարզաշապիկներ, լուսանկարներ, գնդակներ եւ այլ արժեքավոր իրեր: