Նյութը՝ Ռոզա Գրիգորյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 20-06-2017
Բարեգործական ձեռնարկ «Ամեն» ծրագրի շրջանակում
Մանկական զարգացման հիմնադրամը եւ «Ամեն» երաժշտական դրամատիկ ծրագիրը Հասմիկ Չախմախչյանի նախաձեռնությամբ սկսում են նոր համագործակցություն:

Ինչպես Eritasard.am-ին տեղեկացրին հիմնադրամից, համագործակցության նպատակն է նպաստել  հայ երեխաների բարեկեցությանն ու զարգացմանը: Երեխայակենտրոն հիմնադրամի եւ մշակութային կազմակերպությունների համագործակցությունը ձեւավորում է նոր դաշտ՝ մի կողմից զարգացման խնդիրներ ունեցող երեխաներին մասնակից դարձնելու մշակութային կյանքին, մյուս կողմից ստեղծելու բարեգործության իրականացման նոր հնարավորություններ ու մոտեցումներ: Այս ծրագրից հետո կազմակերպությունները պլանավորում  են ստորագրել համաձայնագիր, որի համաձայն՝  «Ամեն» նախագծի նախաձեռնությամբ կայանալիք հետագա բոլոր միջոցառումների՝ արտերկրում սպառված յուրաքանչյուր տոմսից 1-ական դոլար կազմակերպության ղեկավարությունը կնվիրի ՄԶՀ-ին՝  այդպիսով հոգ տանելով զարգացման խնդիր ունեցող երեխաների մասին: Իսկ Հայաստանում կայանալիք միջոցառմանը կմասնակցեն Մանկական զարգացման հիմնադրամի երեխաներն ու ծնողները: 

Նշենք, որ հունիսի 23-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի բեմում «AMEN Project» ընկերությունը կներկայացնի «Ամեն» երաժշտական դրամատիկ շոու-ներկայացման պրեմիերան։ «Ամեն» շոու-ներկայացումը նվիրված է հայ ժողովրդի պատմությանը, նրա մնայուն արժեքներին եւ քաղաքակրթության պատմության մեջ իր բացառիկ դերին։ 

«Նախագիծն իր բնույթով, ժանրով շատ բազմաշերտ է: Մենք փորձել ենք այնպիսի ներկայացում ստեղծել, որը բոլորին հասանելի կլինի: Բեմում միախառնվելու է դասական, փոփ, ֆոլկ երաժշտությունը, այսինքն`լսելու ենք երաժշտական առումով շատ հետաքրքիր երանգներ, ստանալու ենք նոր հնչողություն: Ստեղծել ենք պատում, որի հիմքում հայոց պատմությունն է: Որոշեցինք ստեղծել այնպիսի մի նախագիծ, որը թույլ կտար օտարազգի մարդկանց ավելի լավ ճանաչել Հայաստանը, առնչվել նրա հին եւ հարուստ պատմության եւ մշակույթի հետ, տեսնել մեր անցած ուղին, հասկանալ՝ որտեղից ենք գալիս»,- նշում է նախագծի կոմպոզիտոր եւ երաժշտական պրոդյուսեր Արաքսյա Մուշեղյանը:

Ներկայացմանը մասնակցում են սիմֆոնիկ նվագախումբ (Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ), դասական երգչախումբ («Հովեր» պետական կամերային երգչախումբ), փոփ եւ ֆոլկ համույթներ, պարային համույթ, ինչպես նաեւ ճանաչված օպերային կատարողներ։ 

Այս տարի «Ամեն» շոու-ներկայացումը կցուցադրվի Իտալիայի Վերոնա քաղաքում` հայտնի Arena di Verona-ում, որը տեղավորում է 15 հազար հանդիսատես: Այնուհետեւ այն կցուցադրվի աշխարհի խոշորագույն քաղաքների (Լոնդոն, Փարիզ, Նյու Յորք եւ այլն) բեմահարթակներում: «Ամեն»-ի գաղափարի շուրջ կկազմակերպվեն նաեւ այլ միջոցառումներ` լուսանկարների ցուցահանդեսներ եւ պերֆորմանսներ, մշակութային հանդիպումներ եւ այլն: