Նյութը՝ Հովհաննես Վարդանյանի
Լուսանկարները՝ Լուսի Սարգսյանի
Տեղադրվել է 19-06-2017
Քննարկման առանցքում երիտասարդ գրողի ստեղծագործություններն էին
Այսօր «The club» ժամանցի կենտրոնում տեղի ունեցան «Մի գավաթ գինի եւ մի բուռ գրականություն» խորագրով գրական ընթերցումներ երիտասարդ գրող Արթուր Հայրապետյանի ստեղծագործությունների շուրջ:

«Էլի ես ու ես», «Սպասում» եւ «Սարդոստայն». սրանք Արթուր Հայրապետյանի հեղինակած գրքերն են: Դրանք գրվել են տարբեր տարիների երկար մտորումների արդյունքում: Երեք գրքերում էլ հեղինակը վեր է հանում այնպիսի հարցեր, որոնք կարող են խիստ անձնական թվալ, բայց արի՛ ու տե՛ս, որ երիտասարդ գրողը կարողացել է կոտրել այդ կարծրատիպը եւ համարձակորեն ներկայացրել թեմաներ, որոնք հանրային քննարկումներից դուրս են:



Վերջին տարիներին գրական ընթերցումները եւ դրանց զուգահեռ գինի խմելը մեզանում դարձել են հետաքրքիր մշակույթ: Մարդիկ, ովքեր իրենց համարում են գեղարվեստական ժամանակակից գրականության ջատագովները, հակված են կարծելու, որ գրողի անունն ու գիրքը հայտնի են դառնում այն ժամանակ, երբ խոսում, գրում եւ մի լավ քննարկում են այդ մասին: Ասվածի վկայությունը Արթուր Հայրապետյանի հանդիպումն էր ընթերցողների, ընկերների եւ հարազատների հետ:



Շնորհակալական խոսքերին հաջորդեցին ընթերցումները: Հեղինակի գրքերից առանձին ստեղծագործություններ ընթերցեց դերասանուհի Ռոզի Ավետիսովան: Այնուհետեւ որոշ ընթերցողներ մեկնաբանեցին դրանք՝ կարեւորելով դրանց գրական արժեքն ու առանձնահատկությունները: Ինքը՝ Արթուր Հայրապետյանը, գրքերը գրելիս միշտ մտածել է, թե ինչպես դրանք կընկալի ընթերցողը: Մտքերը, որոնք ներկայացված են գրքում, հեղինակի անձնական կյանքից են: Թվում է՝ դրանք չունեն իրականության հետ որեւէ աղերս, բայց փաստն այն է, որ դրանք մերօրյա իրականության դրսեւորումներն են:



Ըստ Արթուր Հայրապետյանի՝ միջոցառումը նրանց համար է, ովքեր գնահատում են իր գրականությունը, եւ դա մարդուն գրականությանը մոտեցնելու ու հեղինակի եւ ընթերցողի հետ կենդանի շփում ապահովելու լավ առիթ է:



Ինչ խոսք, Արթուր Հայրապետյանի ստեղծագործությունների պատումները գեղարվեստականացված չեն: Հեղինակն այն գրել է մաքուր հայերենով, իսկ երբեմն կիրառել նաեւ այնպիսի բառեր, որոնք գործածությունից դուրս են: Որեւէ մտավախություն չունի, որովհետեւ համոզված է՝ յուրաքանչյուր գիրք գտել կամ գտնելու է իր ընթերցողին:



Պետք է նշել նաեւ, որ երիտասարդ գրողի ստեղծագործությունները տարբեր տարիների տպագրվել են նաեւ գրական-գեղարվեստական ամսագրերում եւ թերթերում: Նրա առաջին գիրքը՝ «Էլի ես ու ես»-ը, տպագրվել է 2006 թվականին: Արթուր Հայրապետյանի առանձին ստեղծագործություններ տպագրվել են օտար լեզուներով: Վերջին՝ «Սարդոստայն» ժողովածուն էլ ամբողջությամբ մոտ ապագայում կտպագրվի նաեւ անգլերենով եւ ռուսերենով: