Նյութը՝ SPRING PR-ընկերության
Լուսանկարները՝ SPRING PR-ընկերության
Տեղադրվել է 19-06-2017
Ստեփանակերտում կայացավ «Արցախ Էյր Ֆեստը»
2017 թվականի հունիսի 17-ին «Յելլ Էքսթրիմ Պարկ» նախագծի նախաձեռնությամբ Արցախի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության հետ Ստեփանակերտի օդանավակայանում անցկացվեց առաջին «Արցախ Էյր Ֆեստը» (Artshakh Air Fest):



Փառատոնի մասնակիցները հնարավորություն ունեցան Ստեփանակերտի օդանավակայանից կատարել զբոսաշրջային թռիչքներ երկտեղանի ինքնաթիռով, պարապլանով եւ օդապարիկով:  



Արցախի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սերգեյ Շահվերդյանն իր  խոսքում նշեց. «Այս փառատոնով Արցախը ներկայանում է արկածային տուրիզմի նոր հնարավորություններով: Ինչպես նաեւ մենք նպատակ ունենք  բարձրացնել մեր թեթեւ ավիացիայի ներուժի վերաբերյալ հասարակության իրազեկության մակարդակը։ Նման միջոցառումների շնորհիվ զարգանում է նաեւ իրադարձային զբոսաշրջությունը Արցախում, ինչը խթանում է երկիր զբոսաշրջիկների հոսքի ավելացմանը»։



Խոսելով «Արցախ Էյր Ֆեստի» մասին՝ «Յելլ Էքսթրիմ Պարկ» նախագծի հեղինակ, համահիմնադիր Տիգրան Չիբուխչյանն այն միանշանակ համարում է կայացած՝ տեսնելով թե՛ հյուրերի, թե՛ արցախցիների ոգեւորությունը: Նա նշեց նաեւ, որ փառատոնն ունեցել է սպասվածից ավելի մեծ թվով մասնակիցներ ինչպես Հայաստանից, այնպես էլ տարբեր երկրներից: 



Անդրադառնալով «Արցախ Էյր Ֆեստի» նպատակներին՝ Տիգրան Չիբուխչյանը հավելեց. «Սրանք «Յելլ Էքսթրիմ Պարկի»՝ Արցախում գործունեության առաջին քայլերն են, եւ վստահ ենք՝ դրանք շարունակական են լինելու եւ ավելի են ընդլայնվելու: Ունենք բազմաթիվ գաղափարներ, որոնք դեռ քննարկման փուլում են: Իսկ այս եւ նմանատիպ այլ նախաձեռնությունների իրականացման միջոցով ցանկանում ենք ներկայացնել եւ օգտագործել Արցախի զբոսաշրջային, թեթեւ ավիացիայի եւ հետաքրքիր բիզնես նախագծերի իրականացման ներուժը: Մեր նպատակն է ցույց տալ, որ Արցախում կյանքը ակտիվ է, ավելին՝ եռում է: Դրա վկայությունն է Արցախի ժողովրդի գրկաբաց ընդունելությունը»: 



Փառատոնին ներկա էին պետական կառույցների, մշակույթի եւ արվեստի ոլորտի, բիզնեսի եւ ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, զբոսաշրջիկներ Հայաստանից եւ տարբեր երկրներից: 



«Արցախ Էյր Ֆեստի» մասնակիցներին իրենց կատարումներով ողջունեցին Շուշվա բենդը, «Նեմրա» ռոք խումբն ու «Puzzle's 5 peaces» խմբի տղաները: