Նյութը՝ Միլենա Մկրտչյանի
Լուսանկարները՝ Միլենա Մկրտչյանի
Տեղադրվել է 19-06-2017
Թաթուլ Կրպեյանի տուն-թանգարանի դռները բաց են այցելուների համար
Նախկին Արեգ գյուղը, որտեղ գտնվում է Թաթուլ Կրպեյանի տուն-թանգարանը, տարիներ առաջ անվանափոխվել է՝ ի պատիվ առյուծասիրտ հայորդու:

Հունիսի 17-ին Թաթուլ գյուղում տոնական եռուզեռ էր. այսուհետ Թաթուլ Կրպեյանի մասին պատմող մասունքները, նրա անձնական իրերը ամփոփվելու են տուն-թանգարանի հարկի ներքո՝ ամրագրելով բոլոր այն հիշողությունները, որոնք ամբողջացնում են հերոս հայորդու դիմանկարը:



Տուն-թանգարանի բացման արարողությանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արտակ Դավթյանը, ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը, Թաթուլ Կրպեյանի մարտական ընկերները, բարձրաստիճան զինվորականներ, Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների մայրեր, նորօրյա հերոսներ, ուսանողներ եւ ուրիշներ: Ներկաները նախ խոնարհվեցին եւ հարգանքի տուրք մատուցեցին նվիրյալ հայորդու շիրիմին, այնուհետեւ հավաքվեցին Ազգային հերոսի տուն-թանգարանի բակում:



«Թաթուլ Կրպեյանը ունի մի կարգախոս, որն  իմաստավորում է կյանքը. «Ապրել այն բանի համար, ինչի համար արժե մեռնել եւ մեռնել այն բանի համար, ինչի համար արժե ապրել»: Ես համոզված եմ, որ Թաթուլի ապրած տարիներն անցել են այս կարգախոսի ներքո: Այս տուն-թանգարանը, պարունակելով հիշողություն եւ այն վերածելով պատմության, կդառնա նաեւ մշակույթ, ինքնատիպ մի մշակույթ, որը թույլ է տալիս կերտելու քաղաքացի մարտիկին այնպիսին, ինչպիսին էր Թաթուլ Կրպեյան քաղաքացի մարտիկը: Դա հենց այն է, ինչն այսօր մենք որդեգրել ենք որպես ազգ-բանակ գաղափար»,- նշեց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արտակ Դավթյանը: 

Տուն-թանգարանի բակում հայրենասիրական երգերի եւ պարերի կատարումներով ներկայացան նաեւ ՀՀ ՊՆ Սպայի տան «Զորական» երգի համույթը եւ «Կարին» ազգագրական երգի եւ պարի համույթը:



«Այսօր պատմական եւ կարեւոր օր է: Տեղի է ունենում հիշարժան երեւույթը: Այն մեծ խորհուրդը, որ պարունակում է այս տուն-թանգարանը, դա Թաթուլի դասերն են: Նրա վերջին եւ ամենակարեւոր դասը հայրենիքի պաշտպանության դասն էր, որի համար զոհվեց Թաթուլը,- ասաց ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան, պատմ. գիտ. դոկտոր Էդիկ Մինասյանը եւ հավելեց,- երկրորդ դասը միասնության դասն էր՝ մեր ժողովրդի միասնության դասը, որի լավագույն ապացույցը եղավ ապրիլյան պատերազմը: Թաթուլի ոգեղեն ճառերի, ելույթների եւ նրա անձնազոհության արդյունքն էր, որ մեր երիտասարդությունը փայլուն կերպով կարողացավ պաշտպանել հայրենիքը: Ահա այս մեծ խորհուրդը պարունակող տուն-թանգարանը ամբողջ հայ ժողովրդի համար կդառնա գիտելիքները հարստացնելու եւ ազգային հերոսի կյանքն ու գործունեությունն ուսումնասիրելու կարեւորագույն վայր»:



Տոնական օրվա ընթացքում բոլորը վերհիշում էին ազգանվեր հայորդու մասին պատմություններ, դրվագներ կյանքից: Շատերը կրկնում էին նրա՝ արդեն թեւավոր դարձած խոսքերը:

«Ինչո՞ւ եք վախենում մահից: Հողի համար ես հենց հիմա պատրաստ եմ մեռնելու: Հողի, ազգի համար: Ես ոչ մի անգամ չեմ գնա՝ Երեւանի օդանավակայանում իջնեմ, ասեմ՝ Գետաշենը հանձնեցի: Ես այստեղ կմեռնեմ, այդ բանը չեմ անի…»,- Թաթուլ Կրպեյան: