Նյութը՝ Հրաչուհի Ալմաստյանի
Լուսանկարները՝ «Tour of Armenia» նախագծի ֆեյսբուքյան էջից
Տեղադրվել է 17-06-2017
Հեծանվորդները 8 օրում կանցնեն 900 կմ տարածություն
Այսօր Երեւանից մեկնարկեց «Tour of Armenia» նախագիծը:

10 հեծանվորդներ հեծանիվներով կհաղթահարեն 900 կիլոմետր տարածություն ընդամենը 8 օրվա ընթացքում: Նրանք կանցնեն Հայաստանի 10 մարզերով, կլինեն նաեւԱրցախում եւ հունիսի 24-ին կվերադառնան Երեւան: Միջոցառումը կազմակերպել է Երեւանի եռամարտի ակումբը:

«Որոշեցինք տոկունություն պահանջող դժվար մի բան անել եւ հեծանվավազքով տեսնել մեր երկրի գեղեցկությունը: Մեր նշանաբանն է` «Երկիրը երկիր է, Go to Armenia»»,- մեզ հետ զրույցում նշեց Եռամարտի ակումբի հիմնադիրներից Վահագն Թուխարյանը:

«Tour of Armenia» նախագծի մասնակիցներից է Դավիթ Հայրապետյանը, ով փաստում է, որ աննկարագրելի հույզեր, զգացումներ է ունենում հեծանվով կիլոմետրեր հաղթահարելու ընթացքում. «Սկսում ես կապվել անգամ հեծանիվիդ հետ, խնամել այն, հոգեբանորեն էլ դրական է ազդում անձի աճի վրա: Մենք ավելի շատ հետաքրքրված ենք ոչ այնքան հեծանիվ քշելու խնդրով, ինչքան նպատակ ունենք այդ ձեւով Հայաստանը ճանաչելի դարձնել»:

Դավիթ Հայրապետյանը նշեց, որ առաջիկայում նախատեսվում են նաեւ այլ ծրագրեր: