Նյութը՝ Հրաչուհի Ալմաստյանի
Լուսանկարները՝ Լուսի Սարգսյանի
Տեղադրվել է 17-06-2017
Սեւանում զարգացնում են սպորտային տուրիզմը
Արդեն մի քանի տարի է, ինչ «Savage of Sevan» ընկերությունը բազմաբնույթ սպորտային միջոցառումներ է կազմակերպում Սեւանա լճում եւ հարակից տարածքներում` նպատակ ունենալով այնտեղ զարգացնել սպորտային տուրիզմը:



Սկզբում միջոցառումների մասնակիցների քանակը շատ չի եղել. ընկերներով են փորձել արտասահմանյան զբոսաշրջիկների ուշադրությունը սեւեռել Սեւանա լճի վրա` կազմակերպելով լողի, հեծանվավազքի, վազքի մրցույթներ, իսկ այս տարի ծրագրերը լայնամասշտաբ են դարձել` գրավելով նաեւ սպորտային տուրիզմով հետաքրքրվող արտասահմանցիների ուշադրությունը:



Հունիսի 16-ին «Լոֆթ» ինքնազարգացման եւ ժամանցի կենտրոնում «Savage of Sevan» ընկերության թիմի անդամ Առնո Մոսիկյանը  ներկայացրեց 2017 թ.-ի իրենց ծրագիրը: Նախատեսել են 6 միջոցառումներ կազմակերպել, որոնցից ամենամեծը կանցկացվի սեպտեմբերի 3-ին: Սեւանա լճում մարզիկները 2 կմ կլողան, 90 կմ հեծանիվ կքշեն եւ կվազեն կես մարաթոն:



«Ուզում ենք Սեւանա լիճը զարգացնել որպես սպորտային տուրիզմի կենտրոն: Բարձրլեռնային սպորտային  միջոցառումների կազմակերպման համար հրաշալի հնարավորություններ կան Սեւանում: Արդեն ակնհայտ զգացվում է, որ Սեւանա լիճը ձգում է սպորտային տուրիզմով զբաղվող արտասահմանցի մարդկանց. նրանք գալիս են մեր երկիր` զգալու Սեւանի գեղեցկությունը»,- մեզ հետ զրույցում ասաց Առնո Մոսիկյանը:



Նշենք, որ ընկերության կողմից տարեկան 8 միջոցառումներ են կազմակերպվում Սեւանում: Այս տարի սպորտային միջոցառում են նախատեսում անցկացնել նաեւ սիրահարների համար: Օգոստոսի 20-ին «Ախթամար» պոեմի մոտիվներով սիրահարները լողալով, այնուհետեւ վազելով կանցնեն որոշակի տարածք եւ կհասնեն իրենց սիրեցյալներին: