Նյութը՝ Դավիթ Գրիգորյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 15-06-2017
Շուտով կմեկնարկի Ա. Հարությունյանի անվան փառատոնը
Ս.թ. հունիսի 25-ից 30-ը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի աջակցման հիմնադրամը կազմակերպում է Ա. Հարությունյանի անվան փողային գործիքների միջազգային փառատոնը:

Անդրանիկ փառատոնի շրջանակում կլինեն պրեմիերաներ, իսկ արդեն հաջորդ տարի փառատոնը կհյուրընկալի աշխարհահռչակ շեփորահար Արթուրո Սանդովալին, ով կկատարի Ալեքսանդր Հարությունյանի «Շեփորի կոնցերտը»: Ալ. Հարությունյանի անվան փողային գործիքների միջազգային փառատոնը կկրի շարունակական բնույթ՝ յուրաքանչյուր տարի Հայաստան բերելով բազմաթիվ հայտնի անուններ: Փառատոնի գեղարվեստական ղեկավարը եւ դիրիժորը Կարեն Դուրգարյանն է:

Այս տարի փառատոնն իրականացվում է Հայաստանի պետական կամերային նվագախմբի եւ նվագախմբի գեղարվեստական ղեկավար ու գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանի հետ: Փառատոնին աջակցում են ՀՀ մշակույթի նախարարությունը եւ Երեւանի քաղաքապետարանը:

Փառատոնին այս տարի մասնակցելու են երաժիշտներ Հայաստանից, Ռուսաստանից, Շվեյցարիայից, Գերմանիայից, Իտալիայից, Ֆրանսիայից, Սլովենիայից, Լեհաստանից, Պորտուգալիայից, Բելգիայից, Սերբիայից, Ճապոնիայից, Պուերտո Ռիկոյից: