Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ Գայանե Մելիքյանի
Տեղադրվել է 14-06-2017
Տուրիստական սեզոնի բացում. Հայաստանի 40 արահետների գծանշումները
Այսօր կայացած մամուլի ասուլիսում Հայ լեռնագնացների միության ներկայացուցիչներ, վազորդուհի եւ լեռնագնաց Թելմա Ալթուն Ղազարյանը, «Հայ լեռնագնացների միություն-Հայաստան» ՀԿ նախագահ Գեւորգ Գասպարյանը, «Հայ լեռնագնացների միություն-Լոս Անջելես»-ի գլխամասի համահիմնադիր Ռոբերտ Ասսարյանը եւ «Հայկական արկածային տուրիզմի ասոցիացիա»-ի նախագահ Վլադիմիր Գրիգորյանը խոսեցին Հայաստանում տուրիստական սեզոնի բացման եւ Հայաստանում 40 արշավային արահետների գծանմուշների մասին:

Գեւորգ Գասպարյանը նշեց, որ երկար տարիներ աշխատելով արկածային զբոսաշրջության ոլորտում՝ հասցրել է ծանոթանալ եւ ուսումնասիրել առկա խնդիրները: 

«Առաջին հերթին խնդիր էր դրվել լուծել ամենահայտնի 40 արահետների գծանշումների հարցը: Դրանք օգնում են զբոսաշրջիկներին ճիշտ կողմնորոշվել տեղանքում եւ չմոլորվել, ինչպես նաեւ այդպիսով միջազգային հարթակներում բարձրանում է Հայաստանի վարկանիշը»,- նշեց Գեւորգ Գասպարյանը եւ հավելեց, որ այդ 40 արահետներն ընտրվել են համապատասխան մասնագետների կողմից: Դրանցից 30-ն արդեն պատրաստ են, իսկ 10-ը դեռեւս հատուկ պահպանման տեղում են: 

«Հայ լեռնագնացների միություն-Լոս Անջելես»-ի գլխամասի համահիմնադիր Ռոբերտ Ասսարյանը, ով Գեւորգ Գասպարյանի հետ ծանոթացել է Արարատ լեռան վրա, նշեց, որ քննարկումների ընթացքում ծանոթանալով խնդիրներին՝ հասկացել է, որ ինչով հնարավոր է՝ Լոս Անջելեսի գլխամասը պետք է օգնի Հայաստանին եւ զարգացնի էկոտուրիզմը:  «Լոս Անջելեսի լեռնագնացների խումբը շատ է սիրում ե՛ւ Հայաստանը, ե՛ւ Արցախը: Մեր թիմում կարող է լինել ցանկացածը, ով սիրում է հայերին ու Հայաստանը»,- նշեց Ռոբերտ Ասսարյանը:

Վլադիմիր Գրիգորյանն էլ փաստեց, որ պետք է առաջին հերթին ուշադրություն դարձնել համացանցում Հայաստանը ճիշտ ներկայացնելուն: Սակայն, ըստ նրա, շատ կարեւոր է նաեւ, որ ոլորտի մասնագետներն իրար հետ միավորված աշխատեն, որպեսզի զբոսաշրջության զարգացումն առավել արդյունավետ լինի:

Հունիսի 8-10-ը լեռնագնաց, արշավորդ Թելմա Ալթուն Ղազարյանը վազել է Վարդենիսից դեպի Հադրութ (ավելի քան 283 կմ)` «Հայ լեռնագնացների միություն-Հայաստան» հասարակական կազմակերպության համար դրամահավաք անելու նպատակով: Նա հիացած է Հայաստանի եւ Արցախի լեռներով ու ձորերով: Նրա խոսքով՝ այն, ինչի մասին լսել ու տեսել էր նկարներում, ապրել է: 

Նշենք, որ գծանշումների մասին տեղեկատվությունը դեռեւս մշակման փուլում է, սակայն շուտով այն հասանելի կլինի համացանցում: