Նյութը՝ Տաթեւիկ Մկրտումյանի
Տեղադրվել է 13-06-2017
ԵԵՊ Հայաստանին անդամագրվելու հայտերն արդեն բաց են
5-րդ տարվա գործունեության առաջին անդամագրությամբ Հայաստանում Եվրոպական երիտասարդական պառլամենտը բոլոր հայ երիտասարդներին հրավիրում է դառնալու կազմակերպության անդամը 2017-18 տարվա համար:

Սա հնարավորություն կտա նրանց ոչ ֆորմալ կրթությամբ զարգանալու, տարբեր ասպարեզներում նոր հմտություններ ձեռք բերելու, կամավորական աշխատանքներ կատարելու, միջազգային, հանրապետական եւ մարզային մասշտաբի համաժողովների մասնակցելու, Հայաստանը արտասահմանյան համաժողովներին ներկայացնելու եւ այլն:

Անդամագրությունը երիտասարդներին նաեւ հնարավորություն կտա բացարձակ անվճար մասնակցելու ԵԵՊ Հայաստանի կողմից կազմակերպված համաժողովներից մեկին, ինչպես նաեւ ստանալու ճամփորդական դրամաշնորհ՝ Հայաստանը միջազգային համաժողովներին ներկայացնելու համար: 

Նշենք, որ կարող են անդամագրվել 15-ից 25 տարեկան երիտասարդները Հայաստանի բոլոր մարզերից` առցանց հայտադիմումը լրացնելով: Դիմումների վերջնաժամկետ է սահմանված հունիսի 15-ը: 

ԵԵՊ Հայաստանը կրթական անկախ ծրագիր է եւ հանդիսանում է դեբատների, միջմշակութային շփման, կրթական աշխատանքի իրականացման եւ նորարական գաղափարների փոխանակման լավագույն հարթակ: ԵԵՊ-ի գլխավոր նպատակն է ապահովել հայ երիտասարդների ներգրավվածությունը որոշումների կայացման եւ դրանց կիրառման գործում: Իր գործունեության 5 տարիների ընթացքում Հայաստանում ԵԵՊ ներկայացուցչությունն իրականացրել է ավելի քան 40 կրթական ծրագիր` ընդգրկելով 4000-ից ավելի հայ երիտասարդներ, ինչպես նաեւ Ասիայի, Եվրոպայի, Աֆրիկայի ավելի քան 68 երկրներից ժամանած բազմաթիվ ներկայացուցիչներ: