Նյութը՝ Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտից
Տեղադրվել է 13-06-2017
«Հոգեբանական սպասարկման հիմնախնդիրները բարձր նվաճումների սպորտում»
Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտը 2017 թ. հոկտեմբերի 24-26-ին կազմակերպում է «Հոգեբանական սպասարկման հիմնախնդիրները բարձր նվաճումների սպորտում» թեմայով միջազգային գիտաժողովը:

Գիտաժողովի նպատակն է քննարկել հոգեբանական սպասարկման տարբեր տեսակետներ ու ոլորտներ՝ ուղղված բարձր մրցակցային արդյունքների ցուցադրմանը, մարզիկի հոգեկան առողջության պահպանմանը եւ ամրապնդմանը, ինչպես նաեւ ժամանակակից բարձր նվաճումների սպորտում անդրադառնալ հոգեբանական ինովացիոն տեխնոլոգիաների բացահայտմանն ու կիրառման հիմնահարցերին:

Գիտաժողովի տեսական եւ գործնական արդյունքները կնպաստեն ազգային հավաքական թիմերի մարզիկների հոգեբանական պատրաստության գործընթացին եւ մարզիչների պրոֆեսիոնալ գիտելիքների հարստացմանը, ինչպես նաեւ ազգաբնակչության ֆիզիկական դաստիարակության զանգվածային եւ առողջարարական սպորտի հոգեբանական հիմնախնդիրների լուսաբանմանը:

Գիտաժողովի հիմնական ուղղություններն են՝
•    սպորտային ընտրության եւ պատրաստության հոգեբանական արդի խնդիրներն ու տեխնոլոգիաները
•    հոգեախտորոշման եւ կիրառական հոգեբանության գործառույթները սպորտում,
•    հոգեբանական պատրաստության համակարգն ու ժամանակակից տեխնոլոգիաները բարձր նվաճումների սպորտում,
•    մրցակցային բարձր արդյունքների ցուցադրման հոգեֆիզիոլոգիական, սոցիալ-հոգեբանական, մանկավարժական հիմնահարցերը,
•    մանկապատանեկան սպորտի, առողջ ապրելակերպի, զանգվածային սպորտի հոգեբանական հիմնախնդիրները:

Կլոր սեղան՝
•    հաշմանդամային սպորտի եւ ադապտիվ ֆիզիկական կուլտուրայի հոգեբանական հիմնախնդիրները,
•    հոգեկանոնավորման եւ աշխատունակության բարձրացման արդի տեխնոլոգիաներն ու միջոցները բարձր նվաճումների սպորտում,
•    ազգաբնակչության ֆիզիկական կրթության եւ ակտիվության նորովի կազմակերպման ու զարգացման հոգեբանա-մանկավարժական խնդիրները:

Գիտաժողովի անցկացման պաշտոնական լեզուներն են՝ 
 հայերեն, ռուսերեն, անգլերեն:

Հայտերի ընդունման վերջնաժամկետն է՝ 25.08.2017 թ., գիտաժողովի նյութերի ներկայացման վերջնաժամկետը՝ 10.09.2017 թ.: