Նյութը՝ ՎՎՀ Իջեւանի գրասենյակից
Լուսանկարները՝ ՎՎՀ Իջեւանի գրասենյակից
Տեղադրվել է 13-06-2017
Սարիգյուղ համայնքի ԻՄՓԱՔԹ ակումբն իրականացրեց առաջին ծրագիրը
Սարիգյուղ համայնքի ԻՄՓԱՔԹ ակումբում, որն ունի 18 անդամ, ուսուցումը հիմնված է ոչ ֆորմալ մոդելի վրա՝ խաղային-կրթական համատեղմամբ:

«Ակտիվ քաղաքացիություն» մոդուլն ուսումնասիրելուց հետո ակումբը ձեռնարկեց իր առաջին համայնքային ծառայության ուսումնական ծրագիրը՝ «Հին արժեքների պահպանումն ու նորովի փոխանցումը բոլորիս պարտքն է» անվամբ: 

Ծրագրի շրջանակում նաեւ համագործակցություն է հաստատվել տեղական ինքնակառավարման մարմինների հետ, եւ համայնքի ղեկավար Կոմիտաս Էլլարյանը, ողջունելով ակումբի գաղափարը, աջակցեց ծրագրի իրականացմանը: 

Ծրագրի նպատակն էր համայնքում մի դարավոր սոսի ծառի գտնվելու վայրի վերաբերյալ համայնքի սահմաններից դուրս  հանրային իրազեկության բարձրացումը եւ այդ վայրին նոր շունչ հաղորդելը: Այդտեղ աճող սոսի /չինարի/ ծառի պատմությունը շատ հին է, որի մասին տեղեկատվություն հավաքվեց տարբեր աղբյուրներից, այդ թվում՝ համայնքի ղեկավարությունից: Հավաքված  տեղեկատվությունը մշակվեց, թարգմանվեց ռուսերեն ու անգլերեն: 

Ծրագրի արդյունքում  բարեկարգվեց տարածքը, տեղադրվեցին ծառի մասին եռալեզու տեղեկատվական վահանակ, նստարաններ, աղբարկղ: Այսպիսով հասանելի դարձավ դեռեւս 9-րդ դարի պատմական իրադարձությունը, երբ Աշոտ Երկաթ թագավորն այդ տարածքում մարտնչել է թշնամու դեմ եւ տնկել սոսի, որը մոտ 1000 տարեկան է: Ծրագրի իրականացման ընթացքում շատ այցելուներ ծանոթացան տեղեկատվությանը, ողջունեցին երեխաների աշխատանքը: