Նյութը՝ Անի Դարբինյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 13-06-2017
Գյումրիում կայացավ «Վազենք հանուն = հնարավորությունների» բարեգործական մարաթոնը
Երեկ` հունիսի 11-ին, Գյումրիում տեղի ունեցավ բարեգործական վազքի մարաթոն` հանուն Հայաստանում ապրող երեխաների = հնարավորությունների:

Մարաթոնի մասնակիցների թիվը շուրջ 250 էր, եկել էին մասնակցելու թե՛ Երեւանից, թե՛ Շիրակից, թե՛ Հայաստանի այլ մարզերից: 

«Շատ երեխաներ զրկված են սպորտային միջոցառումներում ներգրավելու, ակտիվ սպորտային գործունեություն վարելու հնարավորությունից` հատկապես համապատասխան սպորտային համազգեստ չունենալու պատճառով: Ահա թե ինչպես ծնվեց Գյումրիում բարեգործական վազք անցկացնելու գաղափարը»,- նշում է «Վորլդ Վիժն Հայաստան» ծրագրի տնօրեն Ժիրայր Էդիլյանը:

«Վորլդ Վիժն Հայաստան»-ի մարքեթինգի ղեկավար Արտակ Օրդյանի խոսքով` Գյումրիում բարեգործական մարաթոնի անցկացման նպատակը նաեւ մարաթոնային մշակույթը Գյումրի բերելն էր, ինչպես նաեւ Հայաստանի մարզերում առողջ ապրելակերպի խթանումը: 

«Մարաթոնի մասնակցության վճարներից հավաքագրված գումարով «Վորլդ Վիժն»-ը սպորտային հագուստ ձեռք կբերի Գյումրիում առավել խոցելի 20 երեխաների համար՝ խթանելով թե՛ տղաների եւ թե՛ աղջիկների հավասար մասնակցությունը սպորտում»,- նշում է Արտակ Օրդյանը:

Միջոցառման ընթացքում տեղի ունեցավ նաեւ լուսանկարների ցուցահանդես` «Հոգատարություն հանուն հավասարության» ծրագրին մասնակցող ընտանիքների ու երիտասարդների մասնակցությամբ:     

Հիշեցնենք, որ մարաթոնով տրվում էր տեղական հովանավորության ծրագրի մեկնարկը, որի նպատակն է հայ անհատ հովանավորների ու հայաստանյան ընկերությունների միջոցներով նպաստել առավել խոցելի երեխաների բարեկեցության ապահովմանը:

Մարաթոնն իրականացվում էր «Վորլդ Վիժն Հայաստան»-ի «Հոգատարություն հանուն հավասարության» ծրագրի աջակցությամբ: «Հոգատարություն հանուն հավասարության» ծրագրի նպատակն է ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ տղաներն ու աղջիկները ծնվում եւ արժեւորվում են հավասարապես: Ծրագիրն ազգային մակարդակում աջակցում է սեռով պայմանավորված բռնության եւ պտղի սեռի ընտրության դեմ ուղղված քաղաքականության իրականացմանը: Իրականացվում են նաեւ միջոցառումներ համայնքներում՝ նպատակ ունենալով փոխել բռնությանը նպաստող սոցիալական նորմերը: