Նյութը՝ Հրաչուհի Ալմաստյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 12-06-2017
«Հարթակ» փառատոնն անցկացվեց Գյումրիում
Երկու օր շարունակ «Հարթակ» փորձի փոխանակման փառատոնը Գյումրի քաղաքը լցրեց տոնական գույներով:



Տարբեր դասընթացներ, մրցույթներ, ազգագրական պարեր, թեյախմություն, նկարչության, կավագործության դասընթացներ, որոնք կազմակերպվել էին Գյումրու կրթամշակութային կենտրոններում: Փառատոնը հունիսի 10-ին մեկնարկեց Գյումրու  տեխնոլոգիական կենտրոնում «Հայերենի աջակցությունը» դասընթացով, որը վարում էին Գոռ Վարդանյանը եւ Արսեն Հակոբյանը: Այնուհետեւ նույն կենտրոնում տեղի ունեցան նաեւ սկսնակ բիզնեսի առաջխաղացմանը, խաղերի ծրագրավորմանը, տեղեկատվական տեխնոլոգիաներին, օնլայն խանութներին առնչվող դասընթացներ: Նույն օրը «Լոֆթ» ժամանցի եւ ինքնազարգացման կենտրոնում կազմակերպվեցին նաեւ ինչպես գրել ճանապարհորդական պատմություն, մշակութային ռմբակոծություն, Գյումրու զարգացման ռազմավարությունը, ինդրուստրիալ դիզայն եւ այլ թեմաներով դասընթացներ:



«Փառատոնը ոչ ֆորմալ կրթական հարթակի հնարավորություն է, որի ընթացքում տեղի են ունենում տարբեր թեմաներով վարպետության դասընթացներ: Մեր նպատակն է ինչ-որ հմտություններ ունեցող մարդկանց միջեւ գիտելիքների փոխանակում կատարել, ինչպես նաեւ հետաքրքրված անձանց պրակտիկ գիտելիքներ ստանալու հնարավորություն ընձեռել,- մեզ հետ զրույցում նշեց փառատոնի համակազմակերպիչ Մանուշակ Վահրամյանը եւ հավելեց,- փառատոնի անցկացման վայր Գյումրին ենք ընտրել, որովհետեւ Գյումրին մշակութային քաղաք է, իսկ մեր փառատոնի գլխավոր թեման ճարտարապետությունն է»:



Նշենք, որ այս տարի փառատոնային դասընթացները 4  թեմաներով են կազմակերպվել՝ «Արվեստ», «Ճարտարապետություն», «Արա՛ ինքդ», «Առողջ ապրելակերպ»: Մասնակիցների թիվը հասնում է շուրջ 800-ի:



Փառատոնի շրջանակում անցկացվեց նաեւ տարբեր իրերի, սննդի, զարդերի ցուցահանդես-վաճառք:



Լուսինե Բունիաթյանը ցուցահանդեսին արծաթյա զարդեր, ձեռքի աշխատանքներ էր ներկայացնում. «Ներկայացնում եմ մատանիներ, տարբեր զարդեր, որոնց վրա պատկերված են հայկական քաղաքների տարբեր տեսարժան վայրեր՝ հայկական նախշերով»:



Արինա Սանթուրյանն էլ Մարաշի նախշերով տարբեր վզնոցներ, պայուսակներ է պատրաստում, որոնք ներկայացրել էր ցուցահանդեսին. «Բոլորը ձեռքի աշխատանքներ են, տարբեր կերպասների, թավիշի վրա ենք աշխատում»:



Փառատոնային հաջորդ օրը նույնպես տեղի ունեցան տարաբնույթ թեմաներով դասընթացներ: Ծրագրի ավարտին որոշեցին ճարտարապետական մրցույթի հաղթողին, փառատոնի մասնակիցները ստացան շնորհակալագրեր: