Նյութը՝ Միլենա Մկրտչյանի
Լուսանկարները՝ Միլենա Մկրտչյանի
Տեղադրվել է 11-06-2017
«Mix Battle Fest 2017»-ը՝ Երեւանում
Հունիսի 10-ին Երեւանում տեղի ունեցավ սպորտային ամենամյա փառատոն «Mix Battle Fest 2017»-ը:

Առողջ ապրելակերպին նվիրված փառատոնի նպատակն է դեռահասների եւ երիտասարդների ուշադրությունը սեւեռել բակային սպորտի եւ մարզումների մշակույթին, ինչպես նաեւ ժամանակակից մարզաձեւերին:



Փառատոնը, որը կազմակերպում է «Street Workout Armenia» ֆեդերացիան, Երեւանում իրականացվում է 2014 թվականից: Այն միավորում է տարբեր մարզաձեւեր եւ պարային խմբեր մեկ հարթակում: Նպատակն է առողջ ապրելակերպի տարածումը եւ զարգացումը երիտասարդների շրջանում: Այս տարի փառատոնում ներկայացվում էին Street Workout, Acro Street, Tricking, Breakdance, Capoeira, Breakletics, Street Dance, Hip-Hop, Karate մարզաձեւերը:



«Չորրորդ տարին է, ինչ «Mix Battle Fest»-ն անցկացվում է Հայաստանում: Այն Հայաստանում զարգացել է բավականին արագ, եւ մենք փորձում ենք այդ տեմպը պահել եւ գրավել մեր գործընկերներին նաեւ այլ երկրներից: Այս տարի ընդհանուր փոփոխությունն այն է, որ մենք նոր մարզաձեւեր ենք ներգրավել: Խմբերի մակարդակը նույնպես մեծացել է»,- մեզ հետ զրույցում նշեց «Street Workout Armenia» ֆեդերացիայի խորհրդի նախագահ Ղազար Հակոբյանը եւ հավելեց, որ մոտ ապագայում հնարավոր է՝ կազմակերպվեն նման միջոցառումներ նաեւ մարզերում:  



Ինչպես փաստում է Ղազար Հակոբյանը, նմանատիպ փառատոն Հայաստանում առաջինն է եւ ստեղծված է, որպեսզի  երիտասարդությունը կարողանա շփվել միմյանց հետ, ընկերանալ եւ լավ ժամանակ անցկացնել՝ համատեղելով առողջ ապրելակերպի հետ: Այն նպաստում է նաեւ Հայաստանի` միջազգային Workout-ի ոլորտում լավագույն կերպով ներկայացմանը, սպորտի մասսայականացմանը երեխաների, դեռահասների եւ երիտասարդների շրջանում: Սա փառատոն է, որտեղ չկան ժյուրիի անդամներ: Տարիքային սահմանափակում եւս չկա: Սակայն հիմնականում մասնակցում են  6-ից մինչեւ 25 տարեկանները:



«Շատ մեծ նշանակություն ունի առողջ ապրելակերպը հատկապես երիտասարդության շրջանում: Չնայած ներկայումս կան բակային մարզական սարքեր եւ նման այլ հարմարություններ, բայց այդ ամենն ուղղակի սարքեր են, այս հրապարակն ուղղակի հրապարակ է՝ ասֆալտից եւ քարերից, եթե չկա երիտասարդություն, չկան սպորտով զբաղվողներ, ովքեր պատրաստ են մշտապես աշխատելու: Մենք մշտապես պատրաստ ենք աջակցել նրանց աշխատանքին»,- նշեց Երեւանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի փոխնախագահ Սամվել Մերթարջյանը:

Միջոցառման ընթացքում մասնակիցները ներկայացան ցուցադրական ելույթներով: Անցկացվեց նաեւ բացօթյա ֆիտնես մասսայական մարզումներ բոլոր մասնակիցների եւ հանդիսատեսի համար: Այնուհետեւ ներկաներին սպասվում էր բացօթյա DJ Party: