Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ Գայանե Մելիքյանի
Տեղադրվել է 11-06-2017
«Ներառականություն». լրագրողները մասնակցեցին «COAF»-ի կազմակերպած սեմինարին
Հունիսի 9-10 Դիլիջանում Հայաստանի մանուկների հիմնադրամը (COAF) Երեւանի եւ մի շարք մարզերի լրագրողների հետ անցկացրեց սեմինար՝ ներառականություն թեմայով:

Սեմինարի բանախոսներն էին «COAF»-ի մեդիա հարաբերությունների համակարգող Անահիտ Էվոյանը, «COAF»-ի Երեխայի եւ ընտանիքի աջակցության ծրագրի ղեկավար Լուսինե Սաղումյանը, «COAF»-ի Կրթական ենթածրագրերի համակարգող Մելինե Գրիգորյանը, «COAF»-ի կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը եւ «COAF»-ի ծրագրերի տնօրեն Էսթեր Հակոբյանը:

Սեմինարին ներառված թեմաները հետաքրքիր էին, ուսուցողական, ինչպես նաեւ տեղեկատվական: Քննարկվեցին սոցիալական, քաղաքական, տնտեսական ներառականությունը, ներառական կրթությունը, ինչպես նաեւ թեմատիկ ռեպորտաժները: 

Յուրաքանչյուր բանախոս թեմայի ներկայացումն իրականացնում էր սլայդի եւ քննարկումների միջոցով, ինչը հնարավորություն էր տալիս յուրաքանչյուր լրագրողի ոչ միայն լսելու մատուցվող տեղեկատվությունը, այլեւ արտահայտվելու եւ տեսակետներ փոխանակելու: 

Պետք է փաստել, որ ներառականությանն առնչվող թեմաների լուսաբանման հարցում մեծ է լրագրողների դերակատարությունը, քանի որ ոչ միայն կարեւոր է նյութի բովանդակությունը, այլեւ կիրառվող բառապաշարը, մասնավորապես թույլատրելի եւ ոչ թույլատրելի արտահայտությունների եւ բառերի կիրառությունը: 

Սեմինարի ընթացքում ներկայացվեց նաեւ այս տարիների ընթացքում «COAF»-ի կատարած աշխատանքները, որոնք տվել են իրենց ցանկալի արդյունքները: Իսկ ներկա պահին որդեգրած քաղաքականությունը շարունակելով՝ «COAF»-ը նպատակ ունի հաջորդ տասնամյակի ընթացքում իր ազդեցությունը տարածել Հայաստանի գյուղական բոլոր վայրերում: 

Մասնավորապես ՍՄԱՐԹ կենտրոնը՝ հիմնադրամի կողմից մշակված նորարարական հայեցակարգը կդառնա գիտելիքի փոխանակման էպիկենտրոն՝ զորացնելու Հայաստանի մեծ ներուժ ունեցող տարածքները, որոնք, սակայն, դեռ աջակցության կարիք ունեն: Առաջին սմարթ կենտրոնը կառուցվում է Լոռու մարզում: Այն ունի մի շարք նպատակներ. այն է՝ նպաստել անհատների, հասարակության եւ շրջակա միջավայրի բարեկեցությանը, ապահովել գիտելիքի հոսքը գերժամանակակից տեխնոլոգիաների միջոցով, ներշնչել գյուղական համայնքներին վերածնվել, ինչպես նաեւ ստեղծել աշխատատեղեր: 

Սեմինարի ընթացքում լրագրողներին հնարավորություն տրվեց նաեւ խորքային կերպով պատկերացնելու ներառականությունը՝ դերային խաղերի միջոցով: Դերային խաղերը տվեցին այն ամբողջական պատկերը, որոնք ներկայացնում են այն բացերն ու խնդիրները, որոնք առկա են մեր հասարակությունում: Հասարակություն, որը միասնական է, սակայն առկա խնդիրները խոչընդոտող հանգամանք են հանդիսանում հասարակության ամրության եւ կայունության համար: