Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ Մանե Մադոյանի
Տեղադրվել է 08-06-2017
«Սարերի բարիք» Վարդենիկ գյուղում
Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղում «Համայնքի զարկերակ» ԵՀԿ-ի կողմից մեկնարկել է «Սարերի բարիք» սոցիալական ձեռնարկության ծրագիրը: Այն գյուղի շատ ընտանիքների գումար վաստակելու հնարավորություն կտա:



Վարդենիկում գյուղացին հիմնականում հարուստ է աշնանը, երբ հողից ստացած բերքը վաճառում է: Այն սպառում է երկարատեւ ձմռան ընթացքում եւ գարնանը հազիվ մնում է վար ու ցանքի համար նախատեսված գումարը: Գարնանը գյուղի տղամարդկանց 50%-ը մեկնում է արտագնա աշխատանքի, իսկ կանայք հիմնականում մնում են գյուղում: Այս նախաձեռնությունը համայնքի կանանց եւ աղջիկներին աշխատելու եւ գումար վաստակելու հնարավորություն է տալիս: 



Դաշտերից եւ սարերից հավաքված բերքը՝ շուշան, սիբեխ, բոխի, ավելուկ, ուրց, մասուր եւ այլն,  վաճառում են «Սարերի բարիք» ՍՁ-ին: Այդ գաղափարով դրամաշնորհային մրցույթին է դիմել «Համայնքի զարկերակ» ՀԿ-ի ղեկավար Արտուշ Խաչատրյանը: Գաղափարը հավանության է արժանացել «Համայնքների զարգացում սոցիալական ձեռնարկության միջոցով» ծրագրի թիմի կողմից:



Eritasard.am-ի թղթակցի հետ զրույցում Արտուշ Խաչատրյանը մատնանշեց հատկապես երիտասարդ կամավորների ներգրավվածությունը, ովքեր օգնում են տեսակավորել, փաթեթավորել եւ իրականացնել մթերման հետ կապված տարբեր աշխատանքներ: ՀԿ-ն հիմնվել է 2013 թվականին, սակայն մինչեւ ՀԿ ձեւավորվելը գործել է որպես համայնքային ակտիվ խումբ՝ իրականացնելով ե՛ւ տեղական, ե՛ւ միջազգային ծրագրեր:



Այն հարցին, թե որքանով է հնարավոր երիտասարդներին ներգրավել համայնքային գործունեության մեջ, Արտուշ Խաչատրյանը նշեց. «Համայնքում մշտապես տարբեր միջոցառումներ ենք կազմակերպում՝ բաց չթողնելով օրացույցում առկա որեւէ հիշարժան օր: Երիտասարդները  ներգրավվում են միջոցառումներում, եւ ամենեւին էլ կապ չունի, թե նրանք կազմակերպության անդամ են, թե՝ ոչ: Ներկա պահին  մեզ օգնողները մեր զարկերակի փոքր սերունդն են ներկայացնում, ովքեր այս տարվա շրջանավարտներ են: Նրանց հետ բազմաթիվ ծրագրեր են իրականացվել, այդ թվում՝ մեզ մոտ ավանդական դարձած Բերքի փառատոնը: Արդեն 5 տարի մենք լայնամասշտաբ փառատոն ենք անցկացնում, որի ժամանակ տաղավարներում ներկայացվում են համայնքի բերքն ու բարիքը, ճաշատեսակները: Բացի դրանից՝ մենք համագործակցում ենք տարածաշրջանի բոլոր ՀԿ-ների հետ, բոլորս ընկերներ ենք: Նախաձեռնությունների ժամանակ աշխատում ենք համագործակցել: Առջեւում «Սեւան» երաժշտական փառատոնն է, որը եւս համատեղ կկազմակերպենք»:



Կամավոր աշխատող երիտասարդները մեզ հետ զրույցում նշեցին, որ աշխատանքն իրականացնում են հաճույքով, ավելին՝ ամբողջ օրը կարող են տրամադրել այդ աշխատանքին, քանի որ գիտեն, որ դրանով կարող են իրենց համայնքը զարգացնել: Կատարվող աշխատանքին հարմարվել են բավականին շուտ: Երիտասարդների մեծ մասը նպատակ ունի ուսումը շարունակել մայրաքաղաք Երեւանում, սակայն համայնքի հետ կապված տարբեր աշխատանքներին մշտապես պատրաստ են մասնակցելու: Համայնքում նրանց օրերը հագեցած են անցնում տարվա բոլոր եղանակներին, քանի որ մշտապես հետաքրքիր միջոցառումներ են իրականացվում:



Գեղարքունիքի մարզ կատարած այցի շրջանակում իմացանք նաեւ, որ Երեւանում շուտով կգործի խանութ, որտեղ կվաճառվի Սեւանի փախլավան: Բրենդի անունը դեռեւս հայտնի չէ, սակայն այն, որ առանձնացող է լինելու՝ միանշանակ: Արտադրամասը դեռեւս չի սկսել իր աշխատանքը, քանի որ պետք է լուծվի Երեւանում խանութի բացման հարցը: 



Աշխատողները հաշմանդամություն ունեցող անձինք են: 12 հոգուց բաղկացած թիմի յուրաքանչյուր անդամ կիրականացնի տարբեր աշխատանքներ, սակայն նպատակը մեկն է՝ ներկայացնել որակով եւ համեղ արտադրանք: 



Հայաստանի սոցիալական ձեռնարկությունների ասոցիացիայի նախագահ Սաթիկ Բադեյանը մեզ հետ զրույցում նշեց, որ մինչեւ ասոցիացիայի հիմնելը առկա էր Տարածքային զարգացման եւ հետազոտությունների կենտրոն: Այդպիսով այն հաշմանդամություն ունեցող անձանց եւս աշխատանքներում ներգրավելու հնարավորություն է տվել:



«Հետագայում, երբ սոցիալական ձեռնարկությունում բազմաթիվ խնդիրների եւ դժվարությունների բախվեցինք, հասկացանք, որ միայնակ հնարավոր չէ այս ոլորտը կարգավորել, ուստի մի քանի համախոհ ՀԿ-ներով ստեղծեցինք այդ ասոցիացիան: Այդպիսով փորձում ենք համայնքային խնդիրներին որոշակի լուծում տալ»,- նշեց Սաթիկ Բադեյանը:



Վերջինս հավելեց նաեւ, որ իրենց թիմում կներգրավվի հաշմանդամություն ունեցող եւս մեկ անձ, ով համացանցում կզբաղվի փախլավայի տարածման գովազդով, որը հնարավորություն կտա վաճառքն իրականացնել նաեւ էլեկտրոնային տարբերակով:



Երիտասարդը, ով պետք է զբաղվի գովազդով, Արտյոմ Խաչատրյանն է: Աշխատանքները վերջինս իրականացնելու է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում: Նա մեծ ոգեւորությամբ է սպասում աշխատանքների մեկնարկին, որովհետեւ ցանկանում է հնարավորինս շուտ գովազդել Սեւանի փախլավան: 



«Ես շատ ուրախ եմ, որ ներգրավվել եմ աշխատանքներում: Այս նախաձեռնությունը շատ լավ միտք էր, քանի որ ներգրավվում են նաեւ սահմանափակ հնարավորություններ ունեցող անձինք, ովքեր կարող են այդպիսով իրենց համայնքին օգուտ տալ: Կարծում եմ, որ արդյունքը կլինի գոհացուցիչ»,- նշեց Արտյոմ Խաչատրյանը: 



Այսպիսով՝ կարելի է փաստել, որ «Առնվազն 10 նոր սոցիալական ձեռնարկատիրություն ՀՀ մարզերում» ծրագիրը սահուն քայլերով դառնում է իրականություն: