Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ Մանե Մադոյանի եւ «Սեւան» երիտասարդական ՀԿ-ի
Տեղադրվել է 08-06-2017
«Բոհեմ». մշակութային յուրահատուկ միջավայր ստեղծող արվեստանոց-թեյարան՝ Սեւանում
Ինչպես հայտնի է, մեկնարկել է «10 եւ ավելի սոցիալական ձեռնարկատիրություն» դրամահավաք արշավը:



«10 եւ ավելի սոցիալական ձեռնարկատիրություն» պայմանական անունով արշավի մասնակիցների աշխատանքի առաջին արդյունքներն այսօր արդեն տեսանելի են:  Ինչպես հայտնի է «Համայնքի զարգացումը ձեռնարկատիրության միջոցով» ծրագրի շրջանակում մշակված մարզային սոցիալական ձեռնարկատիրության (ՍՁ) առնվազն 10 գաղափարների իրականացման համար ծրագրի կազմակերպիչների կողմից ստացել են նախնական կապիտալ:



Վերոհիշյալ գաղափարներն ընտրվել են Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Համայնքի զարգացումը ձեռնարկատիրության միջոցով» ծրագրի շրջանակում՝ ՀՀ 7 մարզերում անցկացված կրթական երկարաժամկետ ծրագրից հետո, որի ընթացքում մարզաբնակ ՀԿ ներկայացուցիչներն ու ակտիվ քաղաքացիները սովորել են, թե ինչպես է պետք նախաձեռնել սեփական ՍՁ-ն՝ աշխատատեղեր ստեղծելով իրենց համայնքի ներկայացուցիչների համար։



Ծրագրի շրջանակում «Սեւան» երիտասարդական ակումբ» ՀԿ-ի որոշել է իրականություն դարձնել վաղուց առկա գաղափարը. այն է՝ քաղաքում ունենալ մշակութային միջավայր ապահովող եւ տրամադրություն ստեղծող արվեստանոց-թեյարան:



«Սեւան» երիտասարդական ակումբ» ՀԿ-ի նախագահ Գոհար Մնացականյանը Eritasard.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ արվեստանոց-թեյարան ստեղծելու գաղափարն ինքնանպատակ չի եղել, այլ դրանով փորձում են համայնքում եւս զարգացնել այն մշակույթը, որը կա մայրաքաղաք Երեւանում (երիտասարդական, մշակութային տարբեր կենտրոններ, որտեղ երիտասարդները տարաբնույթ միջոցառումներ եւ ցուցահանդեսներ են կազմակերպում):  



«Քաղաքին համակարգային մոտեցում էր պետք: Երիտասարդներն այլեւս ստիպված չեն լինի հասնել Երեւան՝ իրենց մշակութային ժամանցը կազմակերպելու համար: Հետադարձ հայացք գցելով մեր անցած ճանապարհին՝ մենք հասկացանք, որ մեզ անհրաժեշտ են ոչ թե մեկանգամյա ծրագրեր, այլ կոնկրետ տեւական, ուղղորդված եւ համակարգված գործունեություն, մշակութային քաղաքականություն, որոնց արդյունքում կստեղծվի մշակութային միջավայր: Այսպիսով՝ մենք նաեւ կգրավենք զբոսաշրջիկների ուշադրությունը եւ տուրիզմը կմիաձուլենք մշակույթի հետ»,- նշեց Գոհար Մնացականյանը եւ հավելեց, որ իրականում նաեւ մեծ պատասխանատվություն է նմանօրինակ գաղափարի իրականացումը, ուստի փորձում են մանրակրկիտ աշխատել, որպեսզի հաճելի եւ օգտակար միջավայր ստեղծեն: 



Արվեստանոց-թեյարանը նախատեսված է մոտ 36 հոգու համար: Շինարարական աշխատանքները մեծ թափով են ընթանում, եւ արդեն որոշված է, թե որ հատվածում ինչ եւ ինչպես է դրվելու: Թեյարանն ունենալու է բեմ, ինչպես նաեւ հուշանվերների համար նախատեսված հատված: Կլինի նաեւ երիտասարդների կողմից պատրաստված աշխատանքների վաճառք: Պարբերաբար կկազմակերպվեն մշակութային միջոցառումներ սեւանցի եւ դրսի արվեստագետների կողմից: Թեյարանը կունենա նաեւ հեղինակային թեյ եւ քաղցրավենիք, որով կզարմացնի այցելուներին: 



Արվեստանոց-թեյարանը կկրի «Բոհեմ» անունը: Ինչպես նշեց ՀԿ ղեկավարը, անունը եւս պատահական չէ ընտրված. այն ընտրվել է հենց արվեստանոց-թեյարանի համար՝ ստեղծելով բոհեմական արվեստով լեցուն միջավայր:



«Իհարկե, այս ամենը հստակ նպատակ ունի: Մենք ցանկանում ենք տուրիզմը եւ մշակույթը զարգացնել հենց երիտասարդության ներուժով: Մեր՝ երիտասարդներիս ներգրավվածությունը նման նախագծերում եւ ծրագրերում շատ կարեւոր է»,- նշեց Գոհար Մնացականյանը:



«Բոհեմ»-ի (ք. Սեւան, Սայաթ-Նովա 16/13) բացումը նախատեսվում է հուլիսի սկզբին: Իրականացվող աշխատանքներին կարող եք հետեւել «Բոհեմ»-ի ֆեյսբուքյան էջում՝ https://web.facebook.com/bohemsevan/:



Նշենք, որ արվեստանոց-թեյարանը սոցիալական ձեռնարկություն է, որի շահույթի 50+%-ն ուղղվելու է համայնքում մշակութային կյանքի աշխուժացմանն ուղղված ծրագրերին, օրինակ՝ «Սեւան» երաժշտական փառատոնին: