Նյութը՝ Հրաչուհի Ալմաստյանի
Լուսանկարները՝ Լուսի Սարգսյանի
Տեղադրվել է 07-06-2017
Քննարկվում է «Տարվա լավագույն հայ մարզիկ» մրցույթի կազմակերպման և անցկացման կանոնակարգի նախագիծը
Այսօր ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունում կայացավ «Տարվա լավագույն հայ մարզիկ» մրցույթի կազմակերպման և անցկացման կանոնակարգի նախագծի հանրային քննարկման առաջին հանդիպումը:



Հանդիպումը նախագահում էր ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Արսեն Քարամյանը, ներկա էին մարզաձեւերի ազգային ֆեդերացիաների, ՀՀ Սփյուռքի նախարարության, հասարակական կազմակերպությունների շուրջ 50 ներկայացուցիչներ եւ այլ մասնակիցներ:



Արսեն Քարամյանը նշեց, որ նախագծի քննարկման նպատակն է նորովի վեր հանել մարզիկների խրախուսման, աջակցման  համար բոլոր այն հնարավորությունները, որոնք պետք է կյանքի կոչվեն. «Պետք է ունենալ մարզիկների խրախուսման մի այնպիսի համակարգ, որը հասկանալի, չափելի եւ ընկալելի կլինի բոլորի համար»:



Ըստ Արսեն Քարամյանի՝ նախագծի հիմնական նպատակն է սպորտի միջոցով խթանել Հայաստան-Արցախ-Սփյուռք կապի ամրապնդումը եւ զարգացումը, ինչպես նաեւ հայ մարզիկների մարզական հաջողությունների գնահատման գործընթացում կիրառել հատուկ գնահատման չափորոշիչներ, մեծարել ընթացիկ տարում նվաճումներ, նշանակալի հաջողություններ գրանցած, իրենց մրցելույթներով Հայաստանի եւ հայ ժողովրդի ճանաչելիությանը, հայոց պետական խորհրդանիշների, ազգային արժեքների հանրահռչակմանը նպաստած հայ մարզիկներին՝ այս գործում ներգրավելով աշխարհասփյուռ հայությանը։



Նիստի ընթացքում «Տարվա լավագույն հայ մարզիկ» մրցույթի կազմակերպման և անցկացման կանոնակարգի նախագծի վերաբերյալ եղան մի շարք առաջարկներ, նաեւ առարկություններ, որոնք առնչվում էին մրցույթի կարգին, ձեւին, անվանը, լավագույններին ընտրելու տարբերակներին: Որոշվեց բարձրացված խնդիրներին անդրադառնալ առաջիկա հանրային քննարկումների ժամանակ։



Առաջիկայում նախատեսվում է մի շարք հանդիպումներ ևս շահագրգիռ բոլոր կողմերի հետ՝ նպատակ ունենալով առաջարկվող նախագիծը դարձնել առավել ընկալելի բոլոր կողմերի համար, զերծ հնարավոր սուբյեկտիվիզմից և շահարկումներից։