Նյութը՝ Միլենա Մկրտչյանի
Լուսանկարները՝ Միլենա Մկրտչյանի
Տեղադրվել է 06-06-2017
Ուղղութունը՝ Գյումրի
Գյումրին միշտ այնքան մոտ եմ պատկերացրել, որ մոտ 2 ժամ տեւած ճանապարհն անսպասելի երկար թվաց ինձ:

Բարեբախտաբար Երեւանից Գյումրի ուղեւորվող մեր փոքրիկ խմբի ուղեկցորդուհին գյումրեցի էր: Նա ողջ ճանապարհի ընթացքում թույլ չտվեց ձանձրանալ կամ մտածել որեւէ այլ բանի մասին, որը չէր առնչվում արհեստների եւ արվեստների քաղաք համարվող Գյումրիին: Քաղաքի մասին պատմող պատմությունները շատ են եւ տարբեր, սակայն դրանք ունեն մեկ, էական ընդհանրություն. բոլորի հիմքում էլ անսահման հումորով եւ շիտակ խոսքով օժտված գյումրեցիներն են: Այսպիսով Գյումրու հետ մեր ծանոթությունը սկսվեց դեռ մինչեւ Գյումրի հասնելը…



Քաղաքն ինձ ամբողջապես անծանոթ չէր: Ճիշտ է, նախկինում մի քանի անգամ մեքենայով անցել էի քաղաքի կենտրոնական փողոցներով (եւ ոչ ավելին), բայց անշուշտ պատճառը այդքանով չէր սահմանափակվում: Գյումրու մասին իմ պատկերացումները ձեւավորվել էին դեռ վաղ հասակից, երբ առաջին անգամ կարդում էի Խաչիկ Դաշտենցի, Հովհաննես Շիրազի, Ավետիք Իսահակյանի ստեղծագործությունները՝ նվիրված Գյումրիին եւ գյումրեցիներին: Օրինակ՝ Խաչիկ Դաշտենցը գրում է.

«Գյումրի՜, իմ հոգին կապված է քեզ հետ, 
Դու վաղուց դարձար ինձ հարազատ մայր, 
Չկա մի քաղաք ամբողջ աշխարհում՝
Քեզ չափ բաղձալի իմ հոգու համար:

Եվ քո բարբառը ախորժ է սրտիս, 
Քո փողոցները՝ նախշըված կտավ, 
Եվ պատերը սեւ քարաշեն այն տան, 
Որ ես հարցուփորձ անելով գտա…»



Ավելի ուշ արդեն Մհեր Մկրտչյանի՝ իր հայրենի Գյումրու մասին գրած հուշագրություններն ինձ օգնեցին, որ էլ ավելի լավ ընկալեմ Գյումրու ողջ էությունը: Քաղաքի զարկերակը զգալու համար պետք է հասկանալ, թե ինչպես են դրանով ապրել հենց իրենք՝ գյումրեցիները: «Լեննական ինձ համար քավարանն է՝ ես գնում եմ մաքրվելու, մի անգամ էլ տեսնելու ինձ, հիշելու ինձ, չմոռանալու ինձ, նորից ուժ ստանալու, խելոքանալու, հումորս չկորցնելու». իր կյանքում ծննդավայրի դերն ու նշանակությունը հենց այսպես է մեկնաբանել Մհեր Մկրտչյանը:



Ինչպես բնորոշ է մյուս՝ դեմք եւ դիմագիծ ունեցող քաղաքներին, Գյումրին եւս ունի իր այցեքարտերը: Դրանք շատ են: Օրինակ՝ քաղաքի խորհրդանիշներից են մետաղյա բաժակները, որոնք Գյումրու բարբառով կոչվում են մուշուրբա: Ժողովուրդը, հավատարիմ իր պարզ եւ անմիջական բնույթին, հաճախ այդ կլկլան ձայն հանող բաժակներն անվանում է հենց կլկլան: Պղնձից, լատունից, արծաթից պատրաստվող բաժակի այդ ձայնային էֆեկտի գաղտնիքը հայտնի է միայն վարպետ Էդիկին` գյումրեցի Էդուարդ Ժամակոչյանին: Վերջինս մուշուրբաներ պատրաստելու իր հմտությունն այսօր փոխանցում է իր աշակերտներին: 



Երբ կանգնել էի Գյումրու կենտրոնական հրապարակում եւ հերթով, առանց շտապելու, ուսումնասիրում էի աջ կողմում Յոթ վերք, ձախ կողմում Սուրբ Ամենափրկիչ եկեղեցիները, այնուհետեւ՝ քաղաքապետարանի շինությունը եւ Վարդանանց պատերազմի նահատակների հիշատակին կանգնեցված կոթողը, ուշադրությունս գրավեց հնաոճ մի ֆայտոն, որի ձիերը, կառապանի ձեռքի սահուն շարժմանը հետեւելով, թեքվեցին եւ կանգնեցին հրապարակի հենց կենտրոնում: Ինչպես հետո փաստեցին հենց գյումրեցիները, ֆայտոնը եւ կառապանը նույնպես Գյումրու դիմագիծն ամբողջացնող խորհրդանիշներից են:

Քաղաքի հյուրերը հնարավորություն ունեն շրջելու ֆայտոններով եւ ամբողջապես ընդգրկվելու Գյումրու կոլորիտի մեջ: Ճիշտ է, այսօր կառապանը «նախշ-գոտի» չի կապում, «ֆանար-սապոգ» չի հագնում եւ կրծքին էլ «Սարգիսով» մեծ ժամացույց չի ամրացնում, ինչպես իր «Ֆայտոն Ալեքը» պոեմում նկարագրում է Խաչիկ Դաշտենցը, բայց, այնուամենայնիվ, նա իր կողմն է սեւեռում թե՛ տեղացիների եւ թե՛ հյուրերի ուշադրությունը:

«Երկու ձի ուներ զանգուլակներով,
Անիվներ կարմիր-կապույտ ճաղերով. 
Որ չէ՜ր սլանում Ալեքի կառքը`
Կարծես տեսիլք էր անցնում թաղերով:
Իսկապես շիկ էր Ալեքի կառքը,
Այդ պատճառով էլ շախով գյումրեցիք
Սիրում էին նրա ֆայտոնով գնալ
Ժամ, նշանդրեք, կնունք, հարսանիք…» /Խ. Դաշտենց/



Քաղաքի դիմանկարի հիմնական մասն են կազմում նաեւ հին եւ նրբաոճ փողոցները: Աբովյան, Սայաթ-Նովա, Շիրազ եւ մի շարք այլ փողոցների կողքին իր կարեւորությամբ տարբերվում է հատկապես Վարպետաց փողոցը: Անվանումն արդեն իսկ հուշում է, թե՝ ինչու: Այսօր Վարպետաց փողոցում գրեթե կողք կողքի գործում են Հովհաննես Շիրազի հուշատունը եւ Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը: Ոչ հեռու գտնվում է նաեւ Մհեր Մկրտչյանի թանգարանը, որտեղ ցուցադրված են ոչ միայն նրա անձնական իրերը եւ բեմական հագուստները, այլեւ մի շարք ֆիլմերում օգտագործված ռեկվիզիտները: Քանի որ խոսք եղավ Մհեր Մկրտչյանի դերակատարմամբ ֆիլմերի մասին, չէի կարող չնշել, որ դրանցից մի քանիսի հերոսների ներկայությունն ակամա զգում էի Գյումրու փողոցներում, այգիներում, գրեթե ամեն քայլափոխին: Չէ՞ որ դրանցից որոշ կադրեր նկարահանվել են այդ նույն վայրերում: Օրինակ՝ ահա հենց այս պատշգամբում էր Սիրանուշը լույսը վառ պահում՝ ամուսնուն՝ Ռուբենին զայրացնելու եւ նրա ուշադրությունը նորից գրավելու համար:



«Գյումրեցին իր բնույթը չի փոխել ու չի փոխի. նա հոգով գյումրեցի է». այս նախադասությունը սիրում են կրկնել գյումրեցիները: Ժամանակները փոխվում են, եւ չնայած այն բոլոր փորձություններին, որ բաժին հասավ այս փոքրիկ, բայց պատմություն ունեցող քաղաքին, Գյումրին փորձում է թոթափել այդ արհավիրքներից կորացած մեջքը: Վերակառուցվող եւ վերանորոգվող հին կառույցները փաստում են, որ տաղանդավոր եւ արվեստասեր գյումրեցիներն իրենց համառությամբ եւ նպատակասլացությամբ շարժվում են առաջ, եւ տարիներ անց նորից կծնվեն նոր Մհերներ, ովքեր բարձր կպահեն ծննդավայրի անունը եւ պատվով կշարունակեն իրենց հայրենակիցների գործը: 



Գյումրի կատարած այցից ստացած բոլոր տպավորությունները դեռ շատ երկար ժամանակ անջնջելի կմնան իմ հիշողության մեջ: Թեեւ դեռ մի քանի ժամ է անցել, ինչ վերադարձել եմ Երեւան, սակայն արդեն իսկ պատրաստ եմ նորից հավաքել իրերս եւ որոշ ժամանակով կրկին ուղեւորվել Գյումրի, վայելել այն լռությունը եւ հանդարտությունը, որ տիրում են քաղաքի փողոցներում…