Նյութը՝ Հ. Ծատրյանի
Լուսանկարները՝ Հ. Ծատրյանի
Տեղադրվել է 04-06-2017
«Փյունիկ» ֆուտբոլային ակումբում նոր ներդրումներ կլինեն
Հայաստանի բազմակի չեմպիոնի նոր սեփականատեր Արթուր Սողոմոնյանն արդեն Հայաստանում է եւ պատրաստվում է մեծածավալ ծրագրեր իրականացնել «Փյունիկում»:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանն ու նրա որդի Ռաֆիկ Հայրապետյանն այլեւս ներդրումներ չեն կատարելու «Փյունիկում». ֆուտբոլային ակումբը նոր սեփականատեր ունի՝ ի դեմս ռուսաստանաբնակ գործարար Արթուր Սողոմոնյանի։ Իրեն ֆուտբոլի նվիրյալ համարող Արթուր Սողոմոնյանը երեկ հանդիպեց լրագրողների հետ եւ հաստատեց օրեր առաջ Ռուբեն Հայրապետյանի ասած խոսքերը. «Ակումբն ինձ անվճար է փոխանցվել։ Ես ձգտելու եմ պահպանել այն փիլիսոփայությունը, որը թիմը երկար տարիներ որդեգրել էր»:

Արթուր Սողոմոնյանը չի թաքցրել, որ մեծ հարգանք է տածում հայկական ֆուտբոլի նվիրյալ Խորեն Հովհաննիսյանի հանդեպ, եւ վերջինս կարող է նվազագույնը որպես իր խորհրդատու աշխատել երեւանյան թիմում. «Շնորհակալ եմ ակումբի նախկին տերերին, ովքեր ստեղծել են նման ակումբ, աճեցրել են ֆուտբոլիստների լավ սերունդ։ Մենք կանենք ամեն ինչ, որպեսզի շարունակենք զարգացնել ֆուտբոլը Հայաստանում: Հույս ունեմ, որ էլի մարդիկ կներգրավվեն, այլ ակումբներ կստեղծվեն, ներդրումներ կլինեն»:

«Փյունիկի» նոր սեփականատերը վստահություն է հայտնել, որ եթե Հայաստանի առաջնությունում փող ներդրվի, առաջնությունը հետաքրքիր կդառնա, այդ կերպ էլ հնարավոր կլինի դուրս գալ եվրոպական մրցասպարեզ, եւ այդ ամենը շղթայական ազդեցություն կունենա՝ շատ բաներ փոխելով:

«Հայաստանում ֆուտբոլն օգուտ չի բերում, միայն ներդրումներ է պահանջում: Սակայն ես հույս ունեմ, որ փոփոխություններ կլինեն այդ առումով։ Ինչ վերաբերում է «Փյունիկ» ակումբին, ապա առաջիկայում մեծ փոփոխություններ չեն լինի: Կշարունակենք աճեցնել մեր կադրերը, ովքեր կհամալրեն հիմնական թիմը: Շատ հարցեր կան, որոնց հստակ պատասխանները դեռ չունեմ, մենք կամաց-կամաց կարգավորում ենք ամեն ինչ»,- նշեց Արթուր Սողոմոնյանը, ում պնդմամբ՝ ինքը ցանկանում է միմիայն երկարաժամկետ ծրագիր ունենալ, քանի որ իրավիճակը միանգամից փոխել հնարավոր չէ, էական արդյունք կլինի 3-ից 5 տարում:

Չնայած «Փյունիկը» չի փոխելու փիլիսոփայությունը, սակայն արդեն հաջորդ մրցաշրջանում թիմը չեմպիոնության համար է պայքարելու, ինչի համար միգուցե կընդգրկվեն մի քանի լեգեոներներ։ Այս առումով եւս Արթուր Սողոմոնյանն անկեղծ էր. «Այդպես ավելի հեշտ կլինի»։ 

Նա չխուսափեց նաեւ թվեր նշելուց. «Պատրաստ եմ շուրջ 2 մլն դոլարի ներդրում անել սկզբնական շրջանում։ «Փյունիկի» անունը փոխելու միտք էլ ունենք։ Նոր մրցաշրջանից առաջ կդնենք հանրային քննարկման: Արդեն 4-5 տարբերակ կա։ Ինձ, օրինակ, դուր է գալիս «Արագած» անունը։ Գիտեմ, որ ժամանակին քննարկվել է նաեւ «Բանանցի» անվանափոխության հարցը, բայց որոշողները լինելու են երկրպագուները»։

Ի դեպ, «Փյունիկի» տեխնիկական տնօրեն է նշանակվել Արմեն Գյուլբուդաղյանցը: Սա առաջին կադրային փոփոխությունն է, որ կատարել է Արթուր Սողոմոնյանը։