Նյութը՝ Հ. Ծատրյանի
Լուսանկարները՝ Հ. Ծատրյանի
Տեղադրվել է 04-06-2017
Լրագրողները նաեւ գեղեցիկ ու դիտարժան ֆուտբոլ են խաղում
Աշխարհում մեծ տարածում ունեցող մարզաձեւի հանդեպ լրագրողներն անտարբեր չեն կարող լինել, հետեւաբար Հայաստանում միջազգային ֆուտբոլային մրցաշարի կազմակերպումը պատահական չէր։

Գրեթե մեկ տարի առաջ ֆուտբոլի Հայաստանի լրագրողների հավաքականն իր պատմության մեջ առաջին անգամ մասնակցեց միջազգային մրցաշարի ու չնայած չհաղթեց, բայց մրցանակային տեղ գրավեց։ Այս տարի արդեն Հայաստանն առաջին անգամ հյուրընկալեց լրագրողների միջազգային ֆուտբոլային մրցաշարը։

Մասնակից թիմերից 8-ն արտերկրից էին՝ Գերմանիա, Լեհաստան, Լիտվա, Վրաստան, Բելառուս եւ Ռուսաստան, իսկ Հայաստանը ներկայացված էր երկու թիմով՝ ֆուտբոլի Հայաստանի լրագրողների հավաքականը եւ Գյումրիի լրագրողների թիմը։ Ընդհանուր առմամբ 10 թիմեր, որոնք «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի մարզադպրոցի դաշտում շրջանաձեւ մրցակարգով վիճարկեցին մրցաշարի հաղթողի կոչումը։

Լավագույն արդյունքը ցույց տվեց Վրաստանի թիմը: Վրացի լրագրողները վաստակեցին 18 միավոր եւ կրեցին միայն մեկ պարտություն, այն էլ՝ Հայաստանի լրագրողների հավաքականից։ Իրենց հերթին հայ լրագրողները 16 միավորով մրցաշարում իրենց ելույթն ավարտեցին 3-րդ տեղում՝ 5 հաղթանակ, 1 ոչ-ոքի եւ 1 պարտություն ունենալով: Նույնքան միավոր ուներ նաեւ Լիտվայի լրագրողների թիմը, սակայն լիտվացիները հաղթել էին Հայաստանի լրագրողների հավաքականին, հետեւաբար նրանք էլ 2-րդ մրցանակը նվաճեցին։

Ի դեպ, միջազգային մրցաշարի կազմակերպիչները մարզական մեկնաբան Կարեն Գիլոյանն ու «Մեդիամաքս» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Դավիթ Ալավերդյանն էին։ Առաջինը նաեւ Հայաստանի լրագրողների թիմի մարզիչն էր, իսկ Դավիթ Ալավերդյանը թիմի ավագն էր։

«Նմանօրինակ միջոցառումներն ավանդական բնույթ են կրում, դրանց հիմնական նպատակը լրագրողների միջեւ համերաշխության ամրապնդումն է ու գործարար կապերի հաստատումը, ինչպես նաեւ ընկերական ու բարեկամական հարաբերությունների ձեւավորումը»,- նշեց Դավիթ Ալավերդյանը՝ հավելելով, որ մրցաշարի մասնակիցները շատ լավ պատրաստված էին։

Մարզական մեկնաբան Կարեն Գիլոյանին գլխավոր մարզչի դերում տեսնելը շատերի համար արդեն տարօրինակ չէ. նրանք, ովքեր հետեւում են Հայաստանի լրագրողների թիմի մրցելույթներին, տեղյակ են, որ Կարեն Գիլոյանը թիմին գոտեպնդելու լավ ու զարգացած հմտություններ ունի։ Ի դեպ, հայտնի մարզական մեկնաբանի համար ոչ միայն ֆուտբոլն էր առաջնահերթ. «Միայն ֆուտբոլը չէ, որ կարեւոր է։ Օտարերկրացի հյուրերին պետք է կարողանանք ներկայացնել մեր երկիրը: Հայերը շատ հյուրընկալ են, ու մեր մրցակիցները շատ են տպավորված այդ ամենով: Սա հիանալի միջոց է Հայաստանը ներկայացնելու համար: Մեր մրցակիցները լրագրողներ են, ու եթե ոչ նրանք, էլ ով կպատմի մեր երկրի մասին, այնպես որ մրցաշարը ավանդական բնույթ կկրի։ Կփորձենք մյուս տարի էլ կազմակերպել»։ 

Ի դեպ, նախորդ տարի Լատվիայում կայացած մրցաշարում Հայաստանը կրկին 3-րդ տեղն է գրավել:

Հ.Գ.։ Հանդիպումները զուգահեռաբար անցկացվում էին խաղադաշտի մեկ քառորդի հատվածում, ինչը յուրատիպ ֆուտբոլային տոնի էր վերածվել։ Միաժամանակ 4 խաղ էր տեղի ունենում. բոլորը թիմերը մրցում էին միմյանց հետ։ Մեկ խաղի տեւողությունն էլ հստակ էր՝ 15 րոպե։