Նյութը՝ Դավիթ Գրիգորյանի
Լուսանկարները՝ Լուսի Սարգսյանի
Տեղադրվել է 04-06-2017
Դուդուկահար եւ դհոլահար քույրերը հանդես են եկել Վանաձորում
Դուդուկահար եւ դհոլահար քույրեր Աննա ու Անահիտ Մխիթարյանները մայիսի 29-ին առաջին անգամ մենահամերգով հանդես են եկել իրենց հայրենի Վանաձոր քաղաքում:

Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում կայացած համերգին ներկայացվել է նոր ծրագիր:

Երեկոյի ընթացքում քույրերի հետ ելույթ են ունեցել պրոֆեսիոնալ երաժիշտներ Արեգ Առուստամյանը (դաշնամուր), Գուրգեն Ամիրյանը (բաս կիթառ), Ալեքսանդր Գրիգորյանը (հարվածային գործիքներ):



«Մենք ծնունդով Վանաձորից ենք, որոշել էինք, որ մեր առաջին մենահամերգը պետք է անպայման այնտեղ լինի: Շատ բուռն էր ընդունելությունը, հանդիսատեսը հիմնականում Վանաձորից էր, չնայած Երեւանից էլ հյուրեր ենք ունեցել: Ազատ տեղեր ընդհանրապես չեն եղել: Մեզ շատ լավ ընդունեցին, շատ տպավորված էինք»,- ասում է Անահիտ Մխիթարյանը:  

Նշենք, որ քույրերը ծրագրում ներկայացրել են ջազային մշակումներ, ազգային, աշուղական ստեղծագործություններ: Համերգային երեկոյի ընթացքում ներկայացվել է նաեւ «Մաճկալ» ստեղծագործությունը, որը քույրերը նվիրել են իրենց հայրիկի հիշատակին: Հնչել են նաեւ վոկալ համարներ:



Համերգային երեկոյի հյուրերի թվում էին Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, Լոռու մարզպետարանի կրթության,  մշակույթի եւ սպորտի վարչության մշակույթի եւ սպորտի բաժնի պետ Արամ Ռեւազյանը, այլ պաշտոնատար անձինք, մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ, ինչպես նաեւ քույրերի ուսուցիչները:

Մինչ այս մենահամերգը քույրերը հանդես են եկել տարբեր բեմահարթակներում, այդ թվում` Մոսկվայում: Փաստում են` նմանատիպ երաժշտության նկատմամբ հանդիսատեսի շրջանում առկա է հետաքրքրություն, եւ այն իսկապես պահանջված է:



Առաջիկայում Աննա եւ Անահիտ Մխիթարյանները համերգներով հանդես են գալու մարզերում, Երեւանում եւ արտերկրում: Երեւանյան ելույթը նախատեսված է հունիսի վերջից հուլիսի սկիզբն ընկած ժամանակահատվածում: