Նյութը՝ Նազելի Ավագյանի
Լուսանկարները՝ «ԿԱՄՔ» Լոռվա երիտասարդական ծրագրերի կենտրոն ՀԿ-ից
Տեղադրվել է 03-06-2017
Չարենցավանցի երիտասարդները այսուհետ կմասնակցեն տեղական ինքնակառավարմանը
ՀՀ տարվա երիտասարդական մայրաքաղաք Չարենցավանում ավարտվեց «Երիտասարդների մասնակցությունը տեղական ինքնակառավարմանը նոր մեդիայի միջոցով» ծրագիրը:

Ծրագիրն իրականացնում էր «ԿԱՄՔ» Լոռվա երիտասարդական ծրագրերի կենտրոն հասարակական կազմակերպությունը՝ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ: 

Ծրագրի շրջանակում չարենցավանցի քսանհինգ երիտասարդ, ովքեր հետաքրքրված են տեղական ինքնակառավարմամբ եւ  մեդիա ոլորտով, մասնակցեցին քառօրյա խտացված դասընթացի՝ ձեռք բերելով գիտելիքներ եւ հմտություններ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում ամրագրված հրապարակայնության եւ թափանցիկության հիմունքների, մասնակցային կառավարման կարգի, հանրագիր իրականացնելու մեխանիզմների, նոր մեդիայի, քաղաքացիական լրագրության եւ բլոգավարության հիմունքների վերաբերյալ։ 



Ծրագրի դասընթացավարները, համադրելով կրթության ֆորմալ եւ ոչ ֆորմալ մեթոդները, տեսական դասախոսություններն ու գործնական աշխատանքները, դասընթացի մասնակիցներին սովորեցրեցին հանրագիր իրականացնելու միջոցով մասնակցել տեղական ինքնակառավարմանը, ստանալ գրավոր եւ բանավոր տեղեկատվություն, ինչպես նաեւ վարել լրագրողական հարցազրույց, պատրաստել լրատվական հոդված՝ տարբերակելով լուրը գովազդից եւ փիարից, ճիշտ լուսանկարել, բացել եւ վարել բլոգ: 



Շահառու երիտասարդները հնարավորություն ստացան նաեւ իրականացնելու իրենց լրագրողական առաջին պրակտիկան: Ծրագրի շրջանակում նրանք այցելեցին Չարենցավանի քաղաքապետարան, հարցազրույցներ վարեցին ՏԻՄ ներկայացուցիչների հետ եւ պատրաստելով առաջին հոդվածները՝ տեղադրեցին ծրագրի շրջանակում բացված «Չարենցավանի երիտասարդ լրագրողներ» բլոգում (բլոգի հղումը՝  http://eritasardcharencavan.blogspot.am): Չարենցավանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Շուշանիկ Սարգսյանը եւ քաղաքապետարանի տարբեր բաժինների մասնագետները, պատասխանելով երիտասարդ լրագրողների հարցերին, միաժամանակ կարեւորեցին նմանատիպ ծրագրերի դերը ՏԻՄ-երիտասարդություն փոխհարաբերությունների ամրապնդման տեսանկյունից: 



Ծրագրի ավարտին բացի վերոնշյալ ընդհանուր մեդիա բլոգից, որտեղ տեղադրվելու են մասնակիցների պատրաստած նյութերը համայնքի մասին, եւ որը վարելու հնարավորություն ունեն ծրագրի բոլոր մասնակիցները, շահառուներից մի քանիսը, իրենց նախասիրություններով եւ հետաքրքրություններով պայմանավորված, ստեղծեցին տարբեր բնույթի անհատական բլոգներ՝ երաժշտական, լուսանկարչական, ստեղծագործական: Ծրագրին ակտիվորեն մասնակցում էին նաեւ «Չարենցավանի երիտասարդական, ուսանողական» ՀԿ-ի կամավորները, ովքեր դասընթացի արդյունքում ստեղծեցին բլոգ «Չարենցավանի երիտասարդական, ուսանողական» ՀԿ-ի համար, որտեղ կլուսաբանեն ՀԿ-ի կողմից իրականացված տարբեր ծրագրերը (բլոգի հղումը՝ http://euhkcharentsavan.blogspot.am/): Դասընթացը հաջողությամբ ավարտած մասնակիցները ստացան հավաստագրեր, ինչպես նաեւ հնարավորություն՝ մասնակցելու ծրագրի վերաբերյալ պատրաստվող տեսաֆիլմի նկարահանման աշխատանքներին:    



«Երիտասարդների մասնակցությունը տեղական ինքնակառավարմանը նոր մեդիայի միջոցով» ծրագրի նպատակն է նպաստել շահառու երիտասարդների անհատական եւ սոցիալական զարգացմանը, մասնակցային կառավարման վերաբերյալ իրազեկվածության մակարդակի բարձրացմանը եւ նոր մեդիայի վերաբերյալ գիտելիքներ ու հմտություններ փոխանցելու միջոցով նրանց ներգրավվածությանը համայնքային կյանքին ու տեղական ինքնակառավարման գործընթացին: Ծրագրի նպատակն է նաեւ խթանել երիտասարդների մասնագիտական կողմնորոշմանը եւ քաղաքացիական լրագրողների պատրաստման միջոցով ՏԻՄ-երիտասարդություն հաղորդակցման որակի բարելավմանը:



«ԿԱՄՔ» Լոռվա երիտասարդական ծրագրերի կենտրոն» ՀԿ փոխնախագահ, ծրագրի ղեկավար Պետրոս Պետրոսյանի հավաստմամբ՝ ծրագրի նպատակը բխում է ՀՀ երիտասարդական պետական քաղաքականության  2013-2017 թթ. ռազմավարության գերակա ուղղություններից  եւ ՀԿ-ի համար եւս ունի ռազմավարական նշանակություն, քանի որ «ԿԱՄՔ» Լոռվա երիտասարդական ծրագրերի կենտրոն» ՀԿ-ի առաքելությունն է նպաստել երիտասարդների դերի բարձրացմանը, ներգրավմանը երկրի հասարակական-քաղաքական, սոցիալ-տնտեսական, հոգեւոր-մշակութային ոլորտներում: Նա նշեց, որ ծրագիրն ունի շարունակական բնույթ, եւ նմանատիպ ծրագրեր նախորդ  տարիներին իրականացվել են նաեւ ՀՀ երիտասարդական մայրաքաղաքներ Ստեփանավանում եւ Գյումրիում՝ շահառու համայնքներում բարձրացնելով երիտասարդների մասնակցության քանակական եւ որակական մակարդակը տեղական ինքնակառավարման գործընթացին: