Նյութը՝
Լուսանկարները՝
Տեղադրվել է 21-04-2010
Անցում դասական ուղղագրությա՞նը
Դասական ուղղագրության հնարավոր վերածննդի մասին այսօր բանավիճում էին գրականագետները:
Յո՞յս, թե՞ հույս, առաւօ՞տ, թե՞ առավոտ… Այս բառերի գրությունը, թվում է, որեւէ հարց չի կարող առաջացնել, բայց եթե Հայաստանում անցում կատարվի դասական ուղղագրությանը, ապա ստիպված կլինենք ամեն բառ գրելիս ինքներս մեզ հարց տալ, թե ինչպես է գրվում տվյալ բառը: Դասական ուղղագրությանը վերադառնալու` վերջին շրջանում հաճախակի հնչող կոչերի հեղինակները հիմնականում մի խումբ գրականագետներ են: Ձեռնարկի ամենամեծ ջատագովներից է նաեւ Հայ առաքելական եկեղեցին, իսկ հիմնական պատճառաբանությունը Սփյուռքի ու Հայաստանի միջեւ առկա լեզվական երկվության վերացումն է: Ընդդիմախոսները, սակայն, բերում են ավելի ծանրակշիռ հակափաստարկներ, այն է` դասական ուղղագրությունը կհանգեցնի համատարած անգրագիտության, ինչպես նաեւ սեպ կխրի պետության ու հետխորհրդային Սփյուռքի միջեւ: Ըստ գրականագետ Արթուր Անդրանիկյանի` մենք պետք է վերականգնենք մեր ազգային հիշողությունը: «Դասական ուղղագրությունն ազգային ինքնություն է»,- ասում է գրականագետը` ժամանակակից ուղղագրությունն անվանելով խեղագրություն կամ խորհրդային ուղղագրություն: Արթուր Անդրանիկյանը հիշեցնում է, որ այդ ուղղագրությունը 1922 թվականին բռնի կերպով ներմուծվեց բոլշեւիկյան իշխանության կողմից` նպատակ ունենալով մոռացության մատնել հայ գրականության 1500 տարվա գանձերը: Նա մասնավորապես պահանջում է, որ չխեղաթյուրվեն մեր դասականները (Վահան Տերյան, Հովհաննես Թումանյան եւ այլք) ու տպագրվեն այն ուղղագրությամբ, որով որ ստեղծագործել են: Գրականության ինստիտուտի փոխտնօրեն Վարդան Դեւրիկյանը կարծում է, որ լեզուն, լինելով հասարակական երեւույթ, կեղծ գաղափարականացվում է: Բացի դրանից` դասական ուղղագրությունն իրականում շատ բարդ է, կան, օրինակ, շուրջ 500 բառեր, որոնց գրությունը չի ենթարկվում որեւէ կանոնի, եւ պետք է պարզապես հիշել դրանք: «Ավանդական ուղղագրությունը սոսկ կիրակնօրյա դպրոցի ուղղագրություն է, իսկ ժամանակակիցը` պետություն ունեցող ժողովրդի»,- կարծում է պարոն Դեւրիկյանը: Ի դեպ, բանավեճի համար առիթ էր դարձել վերջերս հայտնված «Հարություն» վավերագրական-ուսուցողական ֆիլմը, որում հեղինակները բացահայտ կերպով քարոզում են դասական ուղղագրությունը: Ջուլիետ Առուշանյան