Նյութը՝ «Արտ Սայթ» ստուդիայից
Լուսանկարները՝ «Արտ Սայթ» ստուդիայի
Տեղադրվել է 31-05-2017
Չարենցավանի երիտասարդները՝ «Ընդդեմ թրաֆիքինգի»
ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը «Արտ Սայթ» ստուդիայի հետ չորրորդ տարին անընդմեջ տվյալ տարվա երիտասարդական մայրաքաղաքում իրականացնում է «Մարդկանց թրաֆիքինգի վերաբերյալ երիտասարդների իրազեկության բարձրացում» ծրագիրը:

Ծրագրի նպատակն է իրազեկել եւ կրթել երիտասարդներին, ինչպես նաեւ կանխարգելել մարդկանց թրաֆիքինգը եւ շահագործումը։ Դասընթացների եւ մրցակցային խաղի միջոցով երիտասարդներին թեման փոխանցեցին փորձագետները:

Դասընթացն ու խաղն այս տարի իրականացվեց ՀՀ 2017 թ.-ի երիտասարդական մայրաքաղաք Չարենցավանում:

Դասընթացի ընթացքում երիտասարդներին փոխանցվեցին անհրաժեշտ գիտելիքներ եւ նյութեր մարդկանց թրաֆիքինգի, մարդու իրավունքների, միգրացիայի, կիբեր անվտանգության, ինչպես նաեւ Չարենցավանի պատմամշակութային արժեքների վերաբերյալ, որից հետո մասնակիցներին տրվեց երկու շաբաթ ժամանակ՝ ստացած գիտելիքներն ամրապնդելու եւ առաջիկա խաղին պատրաստվելու համար:

Եվ ահա մայիսի 27-ին Չարենցավանի քաղաքային գրադարանում տեղի ունեցավ ծրագրի երկրորդ փուլը՝ մրցակցային խաղը, որին մասնակցեցին դասընթացից հետո ձեւավորված 5 թիմեր՝ յուրաքանչյուրում 4 խաղացող։ 20 պատրաստված երիտասարդներ ծրագրային հատուկ տեղեկատվական խորհրդանիշներով, շապիկներով եւ գլխարկներով դուրս եկան մրցասպարեզ։



Խաղում ներառված էր 50 հարց՝ 4 հնարավոր պատասխաններով, որոնցից միայն մեկն էր ճիշտ։ Հարցաշարը կազմվել էր փորձագետ-դասընթացավարների կողմից։

Մրցում էին «Ազգ», «Ազգային ոգի», «Անտիթրաֆ», «Ազատություն» եւ «CanWill» անվանումներով թիմերը: Հաղթանակի միակ երաշխիքը մրցող թիմերի հիմնարար գիտելիքներն էին, կողմնորոշվելու եւ պատասխանելու արագությունը։ 
Մեկ եւ կես ժամ տեւած խաղի ավարտին խաղավար Դավիթ Գրիգորյանը հնչեցրեց թիմերի անունները՝ ըստ իրենց հավաքած միավորների։

Հինգերորդ տեղում էր «Ազգային ոգի» թիմը, որը գրանցեց 56 միավոր 630 վայրկյանում:

Չորրորդ տեղում էր «Ազգ» թիմը, որը 627 վայրկյանում գրանցեց 64 միավոր: 

Երրորդ մրցանակային տեղում էր «Անտիթրաֆ» թիմը, որը գրանցեց 67 միավոր 666 վայրկյանում: Թիմի յուրաքանչյուր մասնակից պարգեւատրվեց թվային/համակարգչային անլար մկնիկով։



Երկրորդ մրցանակային տեղում էր «CanWill» թիմը՝ գրանցելով 72 միավոր 637 վայրկյանում: Այս թիմի ներկայացուցիչները պարգեւատրվեցին ժամանակակից եւ բազմաֆունկցիոնալ ռադիոընդունիչներով:

Առաջին հորիզոնականում էր «Ազատություն» թիմը, որը վաստակեց 77 միավոր 441 վայրկյանում: Այս թիմի ներկայացուցիչները պարգեւատրվեցին կարաոկե սարքերով եւ բարձրախոսներով:

Հաղթող թիմի ներկայացուցիչ Թագուհի Բաղդասարյանն անկեղծացավ. «Վերջին շրջանում մասնակցել եմ մի շարք ծրագրերի, սակայն այս մեկն առանձնահատուկ էր: Արդար ու անկողմնակալ խաղի եւ դասընթացի միջոցով ձեռք բերեցինք ե՛ւ փորձ, ե՛ւ գիտելիքներ»:

Չարենցավանի երիտասարդական կազմակերպության փոխնախագահ Մարի Հովակիմյանի խոսքով՝ «Ազատություն» թիմի հաղթանակի հիմքում միասնականությունն էր, համախմբվածությունն ու ճիշտ մշակված ռազմավարությունը:

Չարենցավանի երիտասարդական կազմակերպության նախագահ Գառնիկ Բեգլարյանը շնորհակալություն ու երախտագիտություն հայտնեց ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությանն ու «Արտ Սայթ» ստուդիային՝ դասընթացի, մրցակցային խաղի, իրազեկման, տեղեկատվության փոխանցման, ինչպես նաեւ դրական ու հրաշալի էմոցիաներ հաղորդելու համար:



ՀՀ փոխվարչապետ, ՀՀ-ում մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման դեմ պայքարի հարցերով խորհրդի նախագահի օգնական Լուսինե Մնացականյանը, ներկա գտնվելով դասընթացին եւ խաղին, արձանագրեց, որ այն հաջողված էր ու ծառայեց իր նպատակին. «Այս կերպ երիտասարդներին ոչ միայն կրթում, այլեւ հիմնարար գիտելիքներ եք հաղորդում ու ամրապնդում դրանք, որը, ինչ խոսք, ողջունելի է»:

Խաղի ավարտին «Արտ Սայթ» ստուդիայի տնօրեն Արզուման Հարությունյանը հանձնեց մրցանակները եւ երիտասարդներին հորդորեց լինել տեղեկացված եւ իրազեկ, իմանալ իրենց իրավունքները՝ զերծ մնալով այնպիսի արատավոր երեւույթներից, ինչպիսին թրաֆիքինգն է: