Նյութը՝ Հ. Ծատրյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 30-05-2017
«Բարսելոնան» նոր հովանավոր ու մարզաշապիկ ունի գալիք մրցաշրջանի համար
Մարզչական փոփոխությունից զատ՝ կատալոնական ակումբը նոր մրցաշրջանում հանդես կգա նոր մարզաշապիկով ու տիտղոսային հովանավորով:

Այսօր կատալոնական «Բարսելոնան» հանրությանն է ներկայացրել նոր մարզաշապիկը, որը թիմի ֆուտբոլիստները կկրեն հաջորդ մրցաշրջանում: Այդ մասին Կատալոնիայի ամենատիտղոսակիր ակումբը հայտարարել է պաշտոնական կայքի միջոցով:

Մարզաշապիկի վրա առաջին անգամ պատկերված է լինելու ճապոնական «Rakuten» ընկերության գրությունը, որը դարձել է «Բարսելոնայի» գլխավոր ու տիտղոսային հովանավորը: Ի դեպ, «Rakuten»-ը համաշխարհային թոփ-10 համացանցի առկայությամբ ստեղծված ընկերությունների թվում է:

Նրան է պատկանում buy.com հարթակը («Amazon»-ի եւ «eBay»-ի անմիջական մրցակիցն է ԱՄՆ-ում) եւ Play.com-ը (Մեծ Բրիտանիայում): Նորագույն տեխնոլոգիաների սիրահարների շրջանում այն առավել հայտնի է որպես բջջային «Viber» հավելվածն առաջխաղացնող ընկերություն: Հետաքրքրական է, որ հավելվածը ճապոնական ընկերությունը չի ստեղծել, այլ գնել է 2014 թվականի սկզբին:

«Rakuten»-ի եւ կատալոնական ակումբի միջեւ կնքված պայմանագիրը նախատեսված է առաջիկա 4 մրցաշրջանների համար: Պայմանագրի համաձայն ակումբը տարեկան 55 մլն եվրո կստանա հովանավորից:

Նոր մարզաշապիկի թողարկումից զատ՝ «Բարսելոնայի» ֆուտբոլիստների մասնակցությամբ տեղի է ունեցել մարզաշապիկի շնորհանդես:

ՏԵՍԱՆՅՈՒԹ