Նյութը՝ Հ. Ծատրյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 30-05-2017
Էռնեստո Վալվերդե. մարդ, ով կփոխի «Բարսելոնան»
Կատալոնական ակումբի ղեկավարությունը որոշեց վստահել մասնագետի, ով մեծ հաջողության չի հասել եվրոպական մրցասպարեզում, սակայն մշտապես մոտ է եղել տիտղոսներ նվաճելուն:

Կատալոնական «Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն երեկ հայտարարել է, թե ով է գլխավորելու ակումբը հաջորդ մրցաշրջանում: Չնայած խոսակցությունները շատ էին, թե ով կլինի կատալոնական ակումբի ղեկին, սակայն ինչպես եւ սպասվում էր, «Բարսելոնան» հաջորդ մրցաշրջանից կգլխավորի Բիլբաոյի «Ատլետիկի» նախկին գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն:

Օրեր առաջ մասնագետը հեռացել էր բասկյան «Ատլետիկից» եւ բանավոր համաձայնության եկել կատալոնացիների հետ: Կատալոնացիների գլխավոր ֆուտբոլային ակումբի հետ գլխավոր մարզիչը կնքել է 2 տարվա պայմանագիր, որը կարող է հետագայում երկարաձգվել եւս մեկ տարով: Էռնեստո Վալվերդեի՝ որպես «Բարսելոնայի» գլխավոր մարզչի առաջին մամուլի ասուլիսը կլինի առաջիկա օրերին:

Այսքանը պաշտոնական մասն է, իսկ ֆուտբոլասերներին ավելի շատ հետաքրքրում է, թե ինչու է հենց Վալվերդեն ընտրվել կատալոնական ակումբի գլխավոր մարզիչ, այլ ոչ թե մեկ այլ թեկնածու: Ի վերջո, Էռնեստո Վալվերդեն չունի գերակումբներում աշխատելու փորձ եւ եվրագավաթների ժամանակ աչքի չի ընկել խոշոր հաղթանակներով: Որպես գլխավոր մարզիչ էլ աշխատել է ինչպես հարազատ Իսպանիայում, այնպես էլ արտերկրում:

Էռնեստո Վալվերդեն 53 տարեկան է: Նախկինում մի քանի հաջողությունների է հասել նախ որպես ֆուտբոլիստ: Կարիերան սկսել է «Ալավեսում», որտեղ անցկացրել է երեք մրցաշրջան: Հետագայում տեղափոխվել է համեստ «Սեստաո», որտեղ անցկացրել է մեկ մրցաշրջան: Հաջորդ կանգառը եղել է կատալոնական «Էսպանյոլը», որտեղ երկու մրցաշրջանում հասցրել է աճել ու հրավեր է ստացել լեգենդար Յոհան Կրոյֆի «Բարսելոնայից»: Որպես ֆուտբոլիստ՝ երկու մրցաշրջան է անցկացրել Կատալոնիայի ամենատիտղոսակիր ակումբում, սակայն այդպես էլ չի ամրապնդվել հիմնական կազմում՝ տեղափոխվելով Բիլբաոյի «Ատլետիկ»: Բասկյան ակումբում են անցել Էռնեստո Վալվերդե ֆուտբոլիստի 6 տարիները, որից հետո մեկ մրցաշրջան էլ անցկացրել է «Մալյորկայում»:

1988-1990 թթ.-ին՝ «Բարսելոնայում» անցկացրած տարիներին, Վալվերդեն կատալոնական ակումբի կազմում մասնակցել է 29 խաղի, խփել 10 գնդակ: Կատալոնական թիմի հետ նվաճել է երկու արժեքավոր տիտղոս` Իսպանիայի գավաթը եւ Գավաթակիրների գավաթը:



Մարզչական կարիերայի առաջին 6 մրցաշրջաններն անցել են Բիլբաոյի «Ատլետիկում», որից հետո Վալվերդեն տեղափոխվել է «Էսպանյոլ»: 2006/2007 մրցաշրջանում մասնագետին հաջողվել է կատալոնական ակումբի հետ հասնել ՈՒԵՖԱ-ի գավաթի եզրափակիչ, որտեղ պարտվել է: «Էսպանյոլից» հետո Էռնեստո Վալվերդեն տեղափոխվել է Հունաստան, մեկ մրցաշրջան աշխատել «Օլիմպիակոսի» հետ՝ նվաճելով երկրի չեմպիոնի տիտղոսը եւ Հունաստանի գավաթը:

Վերադառնալով Իսպանիա՝ Վալվերդեն գլխավորել է «Վիլյառեալը», սակայն հաջողության չհասնելով «դեղին սուզանավի» ֆուտբոլիստների հետ՝ հեռացել էր Հունաստան՝ կրկին գլխավորելու «Օլիմպիակոսը»: Երկու մրցաշրջանում Վալվերդեն երկու անգամ դարձավ Հունաստանի չեմպիոն, մեկ անգամ էլ նվաճեց երկրի գավաթը: 2011/2012 մրցաշրջանի ավարտից հետո Վալվերդեն որոշեց չերկարաձգել պայմանագիրը եւ սպասեց մինչեւ դեկտեմբեր՝ «Վալենսիան» գլխավորելու համար: Կես մրցաշրջանում հաջողություններ չգրանցվեցին:

2013 թ.-ի հուլիսի 1-ին Էռնեստո Վալվերդեն վերադարձավ Բիլբաոյի «Ատլետիկ» եւ վերջին 4 մրցաշրջաններում օգնեց «Ատլետիկին»՝ պայքարելու Չեմպիոնների լիգայի մրցաշարում հանդես գալու համար: 16 տարվա ընդմիջումից հետո «Ատլետիկը» Վալվերդեի գլխավորությամբ վերջապես վերադարձավ եվրոպական ակումբային ֆուտբոլի ամենախոշոր մրցաշար: 2015 թ.-ին «Ատլետիկը» նրա գլխավորությամբ տիրացավ Իսպանիայի Սուպերգավաթին՝ տանը 4-0 հաշվով ջախջախելով կատալոնական «Բարսելոնային»: Պատասխան խաղում «Ատլետիկը» չպարտվեց. գրանցվեց 1-1:

Ի դեպ, Էռնեստո Վալվերդեն ժամանակին տարված է եղել լուսանկարչությամբ: «Բարսելոնայում» անցկացրած երկու մրցաշրջանների ընթացքում նախկին ֆուտբոլիստը լրջորեն հետաքրքրվել է, անգամ լուսանկարչություն ուսումնասիրել տեղի համալսարաններից մեկում: 2012 թ.-ին լույս է տեսել Վալվերդեի առաջին գիրքը լուսանկարչության վերաբերյալ՝ «Ժամանակահատված» (իսպ.՝ «Medio tiempo»):

Հ.Գ.: Էռնեստո Վալվերդեն կարող է եւ պետք է փոփոխի «Բարսելոնան»: Թիմի առանցքային ու առաջատար խաղացողներից շատերն արդեն 30 տարեկան են, ու երկու-երեք մրցաշրջան անց անհրաժեշտ կլինի ունենալ պահեստային լավ տարբերակ՝ հնարավորինս սահուն սերնդափոխություն իրականացնելու համար: Արդեն ակտիվորեն քննարկվում է, թե ովքեր կարող են հայտնվել կատալոնական ակումբում. այնպես որ հետաքրքիր փոփոխություններ են սպասվում: