Նյութը՝ ՎՎՀ Իջեւանի տարածքային ծրագրի գրասենյակից
Լուսանկարները՝ ՎՎՀ Իջեւանի տարածքային ծրագրի գրասենյակից
Տեղադրվել է 28-05-2017
Տավուշի մարզի ԻՄՓԱՔԹ ակումբների նոր ծրագրերը
Տավուշի մարզի Ազատամուտ եւ Այգեհովիտ համայնքների ԻՄՓԱՔԹ ակումբները համայնքներում իրենց ակտիվ գործունեության հերթական արդյունքներն արձանագրեցին՝ իրականացնելով համայնքային նոր ծրագրեր:

Ոչ ֆորմալ կրթական մոդուլների ուսուցմամբ գործող ակումբները, խորապես ուսումնասիրելով «Առաջնորդություն» կրթական մոդուլը, հանդես եկան որպես համայնքային առաջնորդներ իրենցից կրտսեր երեխաների համար՝ նախաձեռնելով հետաքրքիր, ուսանելի միջոցառումներ: 

Ակումբների  նպատակն է նպաստել երեխաների  քաղաքացիական ու հասարակական կարողությունների ձեւավորմանը: Այգեհովիտի ակումբն իրականացրեց «Բարի գործենք միասին» խորագրով 5-րդ նախագիծը, որի նպատակն էր համայնքի մոտ 22 երեխաներին ներգրավել կրթամարզական եւ բնապահպանական նախաձեռնություններում՝ նպաստելով նրանց նույն գաղափարի շուրջ համախմբմանը եւ բարձրացնելով համատեղ գործելու գիտակցումը: 

Նախագծի շրջանակում կազմակերպվեցին մեկօրյա միջոցառումներ՝ սպորտլանդիա, ժամանցային խաղեր եւ մշակույթի տան բակում դեկորատիվ ծառերի տնկում: 

Ազատամուտի ակումբն էլ ձեռնարկեց 5-րդ համայնքային ծրագիրը՝ «Մեկ համայնք, մեկ ընտանիք» անվամբ: Այս անգամ ակումբը համագործակցեց ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջեւանի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի հետ: 

Ծրագրի շրջանակում համայնքի 15 ընտանիքների տրամադրվեց սոցիալական աջակցություն` սննդի տեսքով, իսկ այդ ընտանիքների երեխաների համար կազմակերպվեցին ժամանցային եւ սպորտային խաղեր, որոնց ավարտին երեխաները ստացան գրենական պիտույքներ։