Նյութը՝ ՎՎՀ Իջեւանի տարածքային ծրագրի գրասենյակից
Լուսանկարները՝ ՎՎՀ Իջեւանի տարածքային ծրագրի գրասենյակից
Տեղադրվել է 27-05-2017
Երեխաների անվտանգ եւ առողջ միջավայրն առաջնային է
Տավուշի մարզի Խաշթառակի ԻՄՓԱՔԹ ակումբը, որը երեք տարի է, ինչ գործում է համայնքում, մոտ 35 երեխաների համար իրականացրեց նոր ծրագիր՝ «Երեխան անվտանգ եւ առողջ միջավայրում» խորագրով:

Ծրագրի նպատակն էր դպրոցականներին հաղորդել անհրաժեշտ գիտելիքներ եւ հզորացնել կարողությունները՝ առողջ եւ առօրյա վտանգավոր իրավիճակներում ապրելու եւ օրինակելի վարքագիծ դրսեւորելու համար: Ծրագրի շրջանակում ներկայացվեց երկարատեւ չոչնչացող աղբի վատ ազդեցությունների վերաբերյալ կրթաուսուցողական տեղեկատվական ներկայացում, իսկ գործնական աշխատանքի ընթացքում ակումբականները փոքրիկներին ուսանեցին անպետք պլաստմասե ու այլ իրերից նոր իրեր պատրաստելու մասին: Փոքրիկները հասկացան, որ շրջակա միջավայրի աղտոտումը սպառնում է մարդու առողջությանը, բույսերի ու կենդանիների տեսակային բազմազանության խախտմանը, որոնք հանգեցնում են միջավայրի որակական վատթարացմանը: Երեխայի առօրյա ճիշտ ռեժիմի պահպանման վերաբերյալ ցուցադրվեցին շնորհանդես եւ բեմականացում: 

Շատ կարեւոր էր նաեւ դրսում եւ տանը անվտանգ կենսակերպ վարելու մասին նոր տեղեկատվության մատուցումը: Ցանկացած մարդ պետք է  կարողանա կանխատեսել վտանգները, հնարավորության դեպքում խուսափի դրանցից, իսկ անհրաժեշտության  դեպքում գործի գրագետ՝ իրավիճակից դուրս  գալով նվազագույն կորուստներով: Երեխաները սովորեցին, թե ինչպես պետք է պահպանեն իրենց անվտանգությունը, երբ միայնակ են գտնվում տանը եւ դրսում: Օրինակ՝ երեխաներն իմացան, որ եթե անծանոթը իրենց առաջարկում է որեւէ տեղ գնալ առանց ծնողների իմացության կամ նվերներ ստանալ անծանոթից, ապ դա կարող է իրենց անվտանգությանը սպառնալիք հանդիսանալ: Ծրագրի ավարտին փոքրիկները ստացան տեղեկատվական էջանիշներ եւ գրքեր: