Նյութը՝ Հ. Ծատրյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 29-05-2017
Պետական բարձրագույն պարգեւ՝ Հենրիխ Մխիթարյանին
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պարգեւատրել է ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանին:

Հայաստանի ազգային հավաքականի ավագ եւ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Հանրապետության տոնի առթիվ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից պարգեւատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով: Օրերս անգլիական թիմի հետ Եվրոպա լիգայում հաղթած Հենրիխ Մխիթարյանը պարգեւատրվել է հայկական սպորտի զարգացման գործում ունեցած ավանդի եւ Հայաստանն աշխարհում լավագույնս ներկայացնելու համար:

«Շատ հպարտ եմ ու շատ ուրախ, որ ստացա այս մեդալը: Կարծում եմ՝ այն ուժ կտա հետագայում ավելի մեծ ներդրումներ կատարել հայկական սպորտում և ներկայացնել Հայաստանը արտերկրում»,- պարգեւատրումից հետո հայտարարել է Հայաստանի հավաքականի առաջատարը:

Պատասխանելով այն հարցին, թե իր խփած որ գոլի հետ կհամեմատի պետական պարգեւը, «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստը վստահորեն ասել է. «Այս մրցանակը... ոչ մի գոլի հետ: Դրանք անհամեմատելի են»:

Հենրիխ Մխիթարյանը նաեւ անդրադարձել է ՀՀ նախագահի՝ իրեն ուղղված խոսքերին. «Ի՞նչ ասաց նախագահը: Ուղղակի շնորհավորեց ու ասաց՝ ապրես բարի գործ անելու համար»:

Հայաստանի ազգային հավաքականի ավագը մեկնաբանել է նաեւ Եվրոպա լիգայի եզրափակիչից հետո` պարգևատրման արարողությանը հայկական եռագույնն ուսերին գցած ներկայանալը. «Կարծում եմ` պարտականություն է, քանի որ, լինելով հայ, միշտ էլ հաճելի է մեջքին ունենալ հայկական դրոշը, հայկական եռագույնը: Դեռ շատ վաղուց էի մտածել, այն իրականացավ, երբ հաղթեցի Եվրոպայի լիգայի գավաթը»: