Նյութը՝ Հ. Ծատրյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 29-05-2017
Երկրորդ տարին անընդմեջ «Ալաշկերտն» ուժեղագույնն է
Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության ավարտից մեկ տուր առաջ Երեւանի «Ալաշկերտը» պաշտպանեց չեմպիոնական կոչումը:

Հայաստանի առաջնության 29-րդ տուրում «Ալաշկերտը» սեփական հարկի ներքո հյուրընկալել էր Գյումրիի «Շիրակին»: Եթե առաջնության առաջատարը հաղթեր նորընծա գավաթակրին, ապա մրցաշրջանի ավարտից մեկ տուր առաջ բոլոր մրցակիցների համար կդառնար անհասանելի ու կպաշտպաներ չեմպիոնի կոչումը:

Հասկանելով, որ կարելի է արագորեն լուծել չեմպիոնության հարցը ու չսպասել վերջին տուրին, «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը խաղադաշտ էր դուրս բերել իր լավագույն կատարողներին: Չնայած «Շիրակը» եւս հաղթանակի էր ձգտում, սակայն թիմն ավելի շատ լավ պաշտպանվելու մասին էր մտածում, ինչը չստացվեց. առաջին խաղակեսի վերջում «Ալաշկերտին» առաջ մղեց Արտակ Եդիգարյանը:

Ընդմիջումից հետո «Ալաշկերտը» եւս երկու գնդակ խփեց: Նախ աչքի ընկավ Միհրան Մանասյանը, ապա Ուրոշ Նենադովիչը խաղի հաշիվը դարձրեց 3-0՝ հօգուտ «Ալաշկերտի»: Հանդիպման 68-րդ րոպեին «Շիրակը» կարողացավ միայն մեկ պատասխան գնդակ խփել՝ 3-1. աչքի ընկավ Արամ Մուրադյանը: «Ալաշկերտը», հաղթանակ տոնելով սկզբունքային մրցակցի նկատմամբ, երկրորդ տարին անընդմեջ դարձավ Հայաստանի չեմպիոն:

Հայաստանի առաջնության ավարտից մեկ տուր առաջ Աբրահամ Խաշմանյանի գլխավորած թիմը վաստակել է 61 միավոր եւ հետապնդող «Գանձասար-Կապանին» գերազանցում է 5 միավորով: «Շիրակը» 52 միավորով եզրափակում է լավագույն եռյակը:

Ի դեպ, Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության խաղացանկում տեղի է ունեցել փոփոխություն: «Արարատ» - «Ալաշկերտ» հանդիպումը «Հանրապետական» մարզադաշտում կայանալու է մայիսի 31-ին՝ ժամը 18:00-ին: Հանդիպման ավարտից հետո տեղի կունենա Հայաստանի չեմպիոն թիմի՝ «Ալաշկերտի» պարգեւատրման հանդիսավոր արարողությունը: