Նյութը՝ Լուսի Սարգսյան
Լուսանկարները՝ Լուսի Սարգսյանի
Տեղադրվել է 29-05-2017
Արցախցի երիտասարդները ստացան արտակարգ արձագանքման որակավորում
Մայիսի 23-25-ն ընկած ժամանակահատվածում Արցախի Ստեփանակերտ քաղաքում անցկացվեց Արցախի սահմանամերձ գյուղական համայնքների երիտասարդների շրջանում «Քաղաքացիների արտակարգ արձագանքում» ծրագիրը։

Ծրագիրն իրականացվում է «ԼոգոՍ» իրավապաշտպան ՀԿ-ի կողմից։ Նպատակն է Արցախի Հանրապետության սահմանամերձ գյուղական համայնքների 16-30 տարեկան 30 երիտասարդների շրջանում բարձրացնել առաջին բուժօգնության կազմակերպման վերաբերյալ գիտելիքների եւ իրավագիտակցության մակարդակը։

Առաջին բուժօգնության 3-օրյա դասընթաց-գործնական պարապմունքներին մասնակցած 30 երիտասարդներ ԱՄՆ-ից ժամանած մասնագետների միջոցով ձեռք բերեցին այնպիսի գիտելիքներ, ինչպիսիք կարող են կիրառել պատերազմական վիճակում առաջացած վերքերի եւ վնասվածքների, տուժածների շտապ դուրսբերման եւ տեղափոխման ժամանակ, վիրակապման տեսակների, ձեռքի տակ եղած միջոցներով առաջին բուժօգնություն ցուցաբերելու վերաբերյալ եւ այլն։ 

«Այս ծրագրի կարեւորությունն առաջացավ ապրիլյան քառօրյայից հետո, երբ սահմանամերձ բնակավայրերի բնակիչներն արագ արձագանքման եւ առաջին բուժօգնության կազմակերպման հմտությունների կարիք ունեին»,- ասաց «ԼոգոՍ» իրավապաշտպան ՀԿ-ի նախագահ Արա Մելիքջանյանը եւ հավելեց, որ ծրագիրը լինելու է շարունակական, ու այն ներառելու է ԼՂՀ սահմանամերձ համայնքները։ 

Նշենք, որ ծրագրի ընթացքում իրականացվել է նաեւ «Առաջին բուժօգնության կազմակերպման» բուկլետների եւ պոստերի տպագրություն (յուրաքանչյուրից՝ 3000 օրինակ)։ Այն իրականացվել է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության ֆինանսական աջակցության շնորհիվ։ Նախարարության ֆինանսավորումը կազմում է 1,185․000 ՀՀ դրամ։

3-օրյա դասընթաց-գործնական պարապմունքների ավարտին մասնակից երիտասարդներին «ԼոգոՍ» իրավապաշտպան ՀԿ-ի եւ «Գլոբալ Միսսիոն Ռեդինիս» /Global Mission Readiness/ կազմակերպության (ԱՄՆ) կողմից շնորհվեցին դասընթացի ավարտական վկայականներ՝ առ այն, որ վերջիններս մասնակցել են դասընթացին եւ ունեն համապատասխան որակավորում։ Իրենք՝ երիտասարդները, անակնկալ էին պատրաստել փորձագետների համար։ Խմբակային լուսանկարից հետո նրանք փրկարարների կերպարներով տորթ նվիրեցին մասնագետին՝ ի շնորհակալություն այն բանի, որ 3 օրերի ընթացքում գիտելիքներ են ձեռք բերել։

Պարգեւատրման արարողությանը ներկա էր նաեւ ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, ով մեծապես կարեւորեց ծրագրի իրականացումը հենց Արցախում։ Չէ՞ որ իրենց ստացած գիտելիքներով արցախցի երիտասարդները ներկա պատերազմական ժամանակահատվածում կարող են կյանքեր փրկել։

«ԼոգոՍ» իրավապաշտպան ՀԿ-ն ծրագիրն իրականացրեց ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարության եւ «Գլոբալ Միսսիոն Ռեդինիս» կազմակերպության հետ համագործակցության շրջանակներում։

Արցախի սահմանամերձ գյուղական համայնքների երիտասարդների շրջանում «Քաղաքացիների արտակարգ արձագանքում» ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 8,945․530 ՀՀ դրամ։

Ծրագրի իրականացման ժամանակահատվածը 2017 թ. ապրիլի 25-ից մինչեւ հուլիս 25-ն է։

Պատկերասրահ՝ «Քաղաքացիների արտակարգ արձագանքում» ծրագիրը Արցախում (Օր 1)

Պատկերասրահ՝ «Քաղաքացիների արտակարգ արձագանքում» ծրագիրը Արցախում (Օր 2)

Պատկերասրահ՝ «Քաղաքացիների արտակարգ արձագանքում» ծրագիրը Արցախում (Օր 3)