Նյութը՝ Հ. Ծատրյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 25-05-2017
«Շիրակը» դարձավ Հայաստանի գավաթակիր
Պատմության մեջ երկրորդ անգամ Գյումրիի «Շիրակը» նվաճեց Հայաստանի ֆուտբոլի գավաթը:

Ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակչում «Շիրակի» մրցակիցը Երեւանի «Փյունիկն» էր: Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կայացած խաղի առաջին խաղակեսն իսկական մղձավանջ էր երեւանյան թիմի համար: Գյումրիի «Շիրակը» շատ ակտիվ սկսեց խաղը: Արդեն 6-րդ րոպեին Կիրան Նվաբուեզեն բացեց հանդիպման հաշիվը՝ իրացնելով ընձեռված պահը: Ֆուտբոլիստը մեն-մենակ դուրս եկավ «Փյունիկի» դարպասապահի հետ եւ սառնասիրտ գործեց:

Հանդիպման 27-րդ րոպեին «Շիրակը» երկրորդ գնդակը խփեց: Այս անգամ աչքի ընկնելու հերթը Վահան Բիչախչյանինն էր: Երիտասարդ ֆուտբոլիստին հաջողվեց ցանկալի դիրքում հայտնվել ու անկասելի հարվածով գնդակն ուղարկել մրցակցի դարպասը:

Մինչեւ ընդմիջում «Շիրակին» հաջողվեց նաեւ 3-րդ գնդակը խփել: Դուբլ ձեւակերպեց Կիրան Նվաբուեզեն՝ 3-0: Այս անգամ էլ Նվաբուեզեն դարպասը գրավեց գլխի հարվածով:

Ընդմիջումից հետո թիմերը միմյանց դարպասները գրավել չկարողացան, թեեւ 2 թիմերն էլ ակտիվ էին եւ հաջողության հասնելու հնարավորություններ ունեցան երկրորդ խաղակեսում: Արդյունքում՝ առաջին կեսում խփված 3 գնդակները հաղթանակ բերեցին «Շիրակին», որը պատմության մեջ երկրորդ անգամ դարձավ Հայաստանի գավաթակիր:

Առաջին անգամ գյումրեցիները Հայաստանի գավաթակիր էին դարձել 2011/2012 մրցաշրջանի գավաթի խաղարկությունում: