Նյութը՝ Հ. Ծատրյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 25-05-2017
Հենրիխ Մխիթարյանը՝ Եվրոպա լիգա մրցաշարի հաղթող
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ավագն իր ակումբի՝ «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում դարձավ ՈՒԵՖԱ-ի պատմական արդյունքի հեղինակ:

Եվրոպա լիգա մրցաշարի հաղթողի հարցը որոշվեց Ստոկհոլմի «Ֆրենդս Արենա» ստադիոնում: Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» շատ ակտիվ սկսեց խաղը. առաջին հնարավորությունից չօգտվեց Պոլ Պոգբան: Խաղի 18-րդ րոպեին ֆրանսիացին երկրորդ հնարավորությունը ստացավ:

Աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստի՝ Պոլ Պոգբայի հարվածից հետո գնդակը դիպավ «Այաքսի» ֆուտբոլիստի ոտքին ու շեղելով ընթացքը՝ հայտնվեց հոլանդական թիմի դարպասում: Պատանի ու երիտասարդ բազում ֆուտբոլիստներով համալրված «Այաքսը» փորձեց մինչեւ ընդմիջում հաշվի հավասարակշռությունը վերականգնել, բայց այդպես էլ չստացվեց. նպաստավոր պահերը չէին օգտագործվում:

Ընդմիջումից անմիջապես հետո էլ աչքի ընկավ Հենրիխ Մխիթարյանը՝ 2-0: Մխիթարյանին հաջողվեց հարմար դիրքավորվել մրցակցի դարպասային հրապարակում եւ յուրատեսակ գեղեցիկ հարվածով գնդակը մխրճել «Այաքսի» դարպասը՝ դառնալով Հայաստանի ազգային հավաքականի առաջին ֆուտբոլիստը, ով ոչ միայն գնդակ է խփում եվրագավաթների եզրափակչում, այլեւ նվաճում է Եվրոպա լիգայի գավաթը:

«Մանչեսթեր Յունայթեդը» դարձավ հինգերորդ եվրոպական ակումբը, որին հաջողվում է տիրանալ ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող բոլոր մրցաշարերի գավաթին: Ակումբային թանգարանում Եվրոպա լիգայի գավաթը կունենա իր յուրահատուկ տեղը:

Հենրիխ Մխիթարյանը խփած 6 գնդակով դարձավ իր ակումբի լավագույն ռմբարկուն Եվրոպա լիգայում: Բացի դրանից՝ նա առաջին ֆուտբոլիստն է «Յունայթեդի» կազմում, ում հաջողվել է 5 գնդակ խփել ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող մրցաշարերի արտագնա խաղերում: 

Պարգեւատրման արարողությանը Հենրիխ Մխիթարյանը ներկայացել էր՝ հայոց եռագույնն ուսերին: