Նյութը՝ SPRING PR-ընկերության
Լուսանկարները՝ Լուսի Սարգսյանի
Տեղադրվել է 24-05-2017
Արթուր Աբրահամի այցը Մասիս քաղաքի Երիտասարդական կենտրոն
Մայիսի 22-ին Արարատի մարզի Մասիս քաղաքի Երիտասարդական կենտրոնում տեղի ունեցավ հայ աշխարհահռչակ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի հանդիպումը Երիտասարդական կենտրոնի մասնակիցների եւ քաղաքի բնակիչների հետ:

Երեխաների հետ զգացմունքներով հագեցած եւ անմիջական շփումից հետո նա այցելեց Մասիսի առաջին ընտանեկան մարզահամալիրի շինհրապարակ, ծանոթացավ աշխատանքների ընթացքին եւ մարզական կենտրոնի հնարավորություններին:  

«Նախ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այս նախագծերի՝ Երիտասարդական կենտրոնի եւ Մասիսի առաջին ընտանեկան մարզահամալիրի հեղինակներին՝ ի դեմս Գագիկ Ադիբեկյանի, այսպիսի հրաշալի նախաձեռնությունների համար: Ես տպավորված եմ Մասիսի երիտասարդությամբ, նրանց ակտիվությամբ, քաղաքի կյանքում նրանց ներգրավվածությամբ: Դուք ահռելի աշխատանք եք իրականացնում, եւ ես ավելի քան վստահ եմ, որ այս մարզահամալիրի կառուցման շնորհիվ Հայաստանի սպորտի պատմության մեջ կունենանք նոր մարզիկներ, նոր անուններ, ովքեր մի շարք հեղինակային մրցումներում ի պատիվ մեր երկրի կբարձրացնեն հայկական դրոշը: 



Ցանկանում եմ, որ այսօր այստեղ ներկա եւ հետագայում մարզահամալիրում մարզվող Մասիսի երեխաների անունները սերունդները հիշատակեն որպես Եվրոպայի, աշխարհի եւ օլիմպիական չեմպիոններ: Սա նրանց մարզական կարիերայի երկար ճանապարհի կարեւորագույն սկիզբն է լինելու»,- նշեց Արթուր Աբրահամը: 

Ընտանեկան մարզահամալիրը ներառելու է մինի ֆուտբոլի եւ բասկետբոլի բացօթյա երկու մարզահրապարակներ, մանկական հրապարակ, բակային պարապմունքների համար նախատեսված եւ մարզական սարքավորումներով հագեցած գոտի: Նախագծի իրականացման համար նախատեսված ներդրումը կկազմի շուրջ 2 միլիոն ԱՄՆ դոլար:



Հիշեցնենք, որ Մասիս քաղաքի առաջին ընտանեկան մարզահամալիրի կառուցման հիմնարկեքի հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել 2017 թվականի մարտի 28-ին:

Մասիսի Զարգացման հիմնադրամի տնօրեն Ստեփան Հովհաննիսյանը ներկաների անունից շնորհակալություն հայտնեց լեգենդար բռնցքամարտիկին ժամանակի հատկացման եւ  հետաքրքիր հանդիպման համար՝ նշելով, որ քաղաքի երիտասարդության եւ բնակիչների համար այդ հանդիպումը վառ եւ անմոռանալի իրադարձություն է: Նա նաեւ վստահեցրեց, որ նմանօրինակ հանդիպումները կդառնան ավանդույթ: