Նյութը՝ Հ. Ծատրյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 24-05-2017
Ֆուտբոլի Հայաստանի գավաթի եզրափակիչը՝ այսօր
Գյումրիի «Շիրակը» եւ Երեւանի «Փյունիկը» վիճարկելու են Հայաստանի գավաթի խաղարկության հաղթողի կոչումը. եզրափակիչն այսօր՝ 19:00-ին, տեղի կունենա Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում:

Ֆուտբոլի 2016/2017 մրցաշրջանի Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակչում հաշված ժամեր անց ուժերը չափելու են Երեւանի «Փյունիկը» եւ Գյումրիի «Շիրակը»: Երկու թիմերն էլ հետաքրքիր, բայց միմյանցից տարբեր ուղի են անցել մինչեւ եզրափակիչ խաղը:

Բարդ էր «Շիրակի» ճանապարհը: Գյումրեցիները քառորդ եզրափակչում առանց խնդիրների հաղթահարեցին Աբովյանի «Կոտայքի» արգելքը, սակայն դժվարությունների հանդիպեցին հաջորդ փուլում՝ կիսաեզրափակչում: «Գանձասար-Կապանը» հեշտ չհանձնվեց: Առաջին խաղում «Շիրակը» կարողացավ նվազագույն՝ 1-0 հաշվով հաղթանակ տոնել մրցակցի հարկի տակ, իսկ արդեն տանը ոչ-ոքի խաղաց՝ 1-1, չնայած պարտվում էր մինչեւ հանդիպման 66-րդ րոպեն:

«Փյունիկն» ավելի վստահ անցավ դեպի եզրափակիչ տանող ուղին: Հայաստանի բազմակի չեմպիոնն ու գավաթակիրը քառորդ եզրափակչում երկու խաղում էլ հաղթեց «Ալաշկերտին»՝ 2-1 եւ 1-0 հաշիվներով, ապա նույն արդյունքը ցույց տվեց նաեւ կիսաեզրափակչում՝ «Բանանցի» հետ խաղերում: 

Երկու թիմերի համար գավաթային եզրափակիչն ավարտվող մրցաշրջանում տիտղոս նվաճելու վերջին հնարավորությունն է: Հայաստանի ընթացիկ առաջնությունում «Փյունիկը» չի հավակնում մրցանակային տեղի: Առաջնության ավարտից 2 տուր առաջ թիմն ունի 39 միավոր եւ գտնվում է 4-րդ հորիզոնականում: 3-րդ տեղում ընթացող «Շիրակին» «Փյունիկը» զիջում է 13 միավորով: Իր հերթին «Շիրակը» առաջատարից՝ գործող չեմպիոն «Ալաշկերտից», հետ է մնում 6 միավորով: Գյումրին ներկայացնող թիմը գործնականում արդեն կորցրել է չեմպիոնի տիտղոսը նվաճելու հնարավորությունը:

Հայաստանի գավաթի խաղարկությունում եզրափակիչ խաղերին ամենաշատը մասնակցել է «Փյունիկը»` 10 անգամ: Այսօրվա խաղը 11-րդը կլինի ակումբի պատմության մեջ: «Շիրակը» եզրափակչում եղել է 6 անգամ: Ի դեպ, «Փյունիկն» ու «Շիրակը» միայն մեկ անգամ են հանդիպել Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակչում: Խաղը տեղի է ունեցել 2013 թ.-ին: Տարոն Ոսկանյանի խփած միակ գնդակի շնորհիվ «Փյունիկը» դարձել էր Հայաստանի գավաթակիր: