Նյութը՝ Հովհաննես Վարդանյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 21-05-2017
Աշխարհի ամենաերկար զիփլայնը կլինի Հայաստանում. այն կունենա 2680 մ երկարություն
Հայաստանում աշխարհի ամենաերկար զիփլայնի կառուցման արշավի շրջանակում «Յելլ էքսթրիմ»-ը մայիսի 20-ին կազմակերպել էր էքստրեմալ շրջայց ԶԼՄ ներկայացուցիչների համար:

Շրջայցի նպատակն էր ԶԼՄ-ների ներկայացուցիչներին ծանոթացնել Հայաստանում արկածային եւ էքստրեմալ զբոսաշրջության առանձնահատկություններին, ներկայացնել տարածաշրջանում նախատիպը չունեցող էքստրեմալ գոտու հնարավորություններն ու Հայաստանում աշխարհի ամենաերկար զիփլայնի էսքիզները, խթանել հասարակական ընկալումներում էքստրեմալ սպորտի, առողջ ապրելակերպի, համայնքային կյանքի կազմակերպման վերաբերյալ պատկերացումների վերափոխումը, Հայաստանը դիրքավորել որպես էքստրեմալ զբոսաշրջության ներուժով երկիր, նպաստել համապատասխան համագործակցության հարթակների ստեղծմանը ԶԼՄ-ների ներկայացուցիչների եւ «Յելլ էքսթրիմ Պարկ» նախագծի միջեւ:



Շրջայցի ընթացքում ԶԼՄ ներկայացուցիչները հնարավորություն ստացան վայելելու ադրենալինով լի արկածային օր, անձամբ փորձելու «Յելլ էքսթրիմ Պարկի» զիփլայնով թռիչքը՝ իրենց փորձով գնահատելով դրա հետաքրքրությունն ու արդյունավետությունը: Արկածային եւ էքստրեմալ զբոսանքից հետո անմիջական շփման մթնոլորտում տեղի ունեցան ինտերակտիվ քննարկում, հարց-պատասխան «Յելլ էքսթրիմ Պարկ» նախագծի հեղինակների հետ:

Նշենք, որ ՀՀ Տավուշի մարզի Ենոքավան համայնքում գործող «Յելլ էքսթրիմ Պարկը» Indiegogo միջազգային հարթակում մայիսի 4-ից մեկնարկել է Հայաստանում աշխարհի ամենաերկար զիփլայնի կառուցմանն ուղղված կոլեկտիվ դրամահավաքի արշավը, որը տեւելու է 30 օր: Մինչ այժմ հավաքվել է 8.860 ամերիկյան դոլար: Ամենայն հավանականությամբ աշխարհի ամենաերկար զիփլայնը Հայաստանում պատրաստ կլինի օգոստոս ամսին:



«Յելլ էքսթրիմ Պարկ» նախագծի հիմնադիր Տիգրան Չիբուխչյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ նոր զիփլայնի կառուցման համար նախատեսված 200.000 ամերիկյան դոլարից 180.000-ն արդեն կա. «Օգոստոս-սեպտեմբերին մենք կներկայացնենք մեր նոր նախագծերը, որ պատրաստվում ենք իրականացնել 2018 թվականին։ Արդեն ունենք հինգ գիծ. գործում է ժայռամագլցման երեք ուղի, մեծ աշխատանքներ ենք կատարել ընդհանուր արշավային ուղիների ուղղությամբ։ Մենք հրավիրում ենք էքստրիմի սիրահար բոլոր այն գործարարներին, ինչպես նաեւ նրանց, ովքեր նոր են պատրաստվում իրենց բիզնեսը սկսել էքստրեմալ սպորտաձեւերի եւ զբոսաշրջության մեջ, միանալ մեր նախագծին»։



Ըստ Տիգրան Չիբուխչյանի՝ իրենք ավելի շատ հույս ունեն Ամերիկայում ապրող հայության վրա, բայց շատ են ուզում, որ տեղացի հայերով էլ համախմբվեն եւ իրար հետ մի նախագիծ անեն, որտեղ յուրաքանչյուր ոք կունենա իր թեթեւ լուման. «Այս դրամահավաքի հիմնական նպատակը համախմբելն է: 30 օրում փորձելու ենք հավաքել այդ 20 հազարը, որի մի մասն արդեն հավաքել ենք»:

Նախաձեռնության հեղինակները նշեցին, որ օգնությունը կարող է արտահայտվել նաեւ տոմսերի գնման տեսքով: Կառուցվող զիփլայնի մեկ տոմսն արժենալու է 60 ամերիկյան դոլար, բայց մինչեւ մայիսի 31-ն այդ գնով հնարավոր է ձեռք բերել երկու տոմս: Այդ կերպ հնարավոր կլինի մասնակցություն ունենալ աշխարհի ամենաերկար զիփլայնի կառուցման գործին, որը Գինեսի ռեկորդների գրքում կունենա իր տեղը:



Մեր այն հարցին, թե Հայաստանում ովքե՞ր են հետաքրքրվում զիփլայն սպորտաձեւով, Տիգրան Չիբուխչյանը պատասխանեց. «Հիմնականում երիտասարդությունն է ցանկանում օգտվել էքստրեմալ սպորտի այս տեսակից: Նախորդ տարվա համեմատ՝ ավելացել է նաեւ տեղացի այցելողների թիվը: Այնուամենայնիվ, պետք է նշեմ, որ անհամեմատ մեծ է զբոսաշրջիկների հետաքրքրությունը»:

Նոր ու ամենաերկար զիփլայնը կկառուցվի ՀՀ Տավուշի մարզի Ենոքավան համայնքում: Այն կունենա 2680 մ երկարություն եւ 200-300 մ բարձրություն: Զիփլայնով թռիչքը տեւելու է 3 րոպե, որի ժամանակ հնարավոր է զարգացնել առավելագույնը 120 կմ/ժ արագություն: Այսօր Գինեսի ռեկորդների գրքում գրանցված ամենաերկար զիփլայնը գտնվում է Պուերտո Ռիկոյում, իսկ փաստացի ամենաերկար զիփլայնը գործում է Մեքսիկայում՝ 2545 մ: 



«Յելլ էքսթրիմ Պարկ» նախագիծը նպատակ ունի Հայաստանում զարգացնել արկածային եւ էքստրեմալ զբոսաշրջությունը եւ դառնալ տարածաշրջանի էքստրեմալ զբոսաշրջության  խոշոր կենտրոն, սահմանամերձ համայնքներում ստեղծել նոր աշխատատեղեր, աշխուժացնել համայնքային կյանքը եւ խրախուսել առողջ ապրելակերպը: 

Այժմ արդեն ակտիվ հանգստի սիրահարները հնարավորություն ունեն «Յելլ էքսթրիմ Պարկում» կազմակերպել իրենց ժամանցը՝ օգտվելով էքստրեմալ սպորտի եւ ակտիվ հանգստի մի շարք տեսակներից: