Նյութը՝ ««ԿԱՄՔ» Լոռվա երիտասարդական ծրագրերի կենտրոն» ՀԿ-ից
Տեղադրվել է 03-05-2017
Հայտարարություն մեդիայով հետաքրքրվող երիտասարդների համար
Երիտասա՞րդ ես, հետաքրքրվա՞ծ ես մեդիայով եւ ուզո՞ւմ ես մասնակցել համայնքիդ կառավարմանը, ուրեմն այս դասընթացը հենց քեզ համար է:

«ԿԱՄՔ» Լոռվա երիտասարդական ծրագրերի կենտրոն» հասարակական կազմակերպությունը ՀՀ 2017 թ. երիտասարդական մայրաքաղաք Չարենցավանի երիտասարդներին հրավիրում է մասնակցելու «Երիտասարդների մասնակցությունը տեղական ինքնակառավարմանը նոր մեդիայի միջոցով» ծրագրին, որի նպատակն է նպաստել շահառու երիտասարդների` մասնակցային կառավարման վերաբերյալ իրազեկվածության մակարդակի բարձրացմանը եւ նոր մեդիայի միջոցով նրանց ներգրավվածությանը համայնքային կյանքին ու տեղական ինքնակառավարման գործընթացին: Ծրագիրը նպատակ ունի նաեւ նպաստել երիտասարդների մասնագիտական կողմնորոշմանը, զբաղվածության խնդրի մեղմացմանը եւ քաղաքացիական լրագրողների պատրաստման միջոցով ՏԻՄ-երիտասարդություն հաղորդակցման որակի բարելավմանը: 

Ծրագրի շրջանակում Չարենցավանում կանցկացվի  ուսուցողական դասընթաց, որի արդյունքում մասնակիցները ձեռք կբերեն գիտելիքներ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում ամրագրված հրապարակայնության եւ թափանցիկության մեխանիզմների, մասնակցային կառավարման գործընթացի, քաղաքացիական լրագրության, ճիշտ լուսանկարելու, լրագրողական նյութ պատրաստելու, նոր մեդիայի եւ բլոգավարության վերաբերյալ, կստեղծեն բլոգներ` ներկայացնելով իրենց պատրաստած լրագրողական նյութերը: 

Դասընթացին կարող են մասնակցել 16-30 տարեկան չարենցավանցի երիտասարդներ` նախապես լրացնելով մասնակցության հայտը: Հայտերն ընդունվում են մինչեւ սույն թվականի մայիսի 15-ը: Մասնակիցների ընտրությունը կկատարվի հայտերի հիման վրա, կտեղեկացվեն միայն ընտրված մասնակիցները: Մասնակցությունն անվճար է: Ծրագիրն իրականացվում է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ:

Մանրամասն տեղեկությունների համար կարող եք զանգահարել 096-31-97-91 հեռախոսահամարով կամ նամակ գրել kamqlori@gmail.com էլեկտրոնային փոստին: