Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 01-05-2017
Աշխատավորի միջազգային օրը
Այսօր՝ մայիսի 1-ին, բազմաթիվ երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, նշվում է Աշխատավորի միջազգային օրը:

Մայիսի 1-ը՝ որպես Աշխատանքի եւ աշխատավորների միջազգային տոն, առաջին անգամ նշվել է 1890 թվականին: Մինչ այդ՝ մասնավորապես 1886 թվականի մայիսի 1-ին, ամերիկացի աշխատավորները կազմակերպել են գործադուլ` աշխատանքային օրը 8 ժամ դարձնելու պահանջով: Գործադուլն ավարտվել էր ոստիկանության աշխատակիցների հետ բախմամբ եւ արյունահեղությամբ: 1889 թվականին Փարիզյան կոնգրեսը, ի հիշատակ Չիկագոյի աշխատավորների ելույթների, որոշեց յուրաքանչյուր տարի մայիսի 1-ին ցույցեր կազմակերպել:

Հետագայում, երբ ստեղծվեց Խորհրդային Միությունը, մայիսի 1-ը նշվում էր որպես մեծ տոն՝ ուղեկցվելով մեծ շքերթով, որին մասնակցում էին գրեթե բոլորը: Մարդկանց իրենց հիմնարկներից պարտադիր տանում էին շքերթի, որից հետո ժողովուրդն այցելում էր տարբեր զվարճանքի վայրեր:

Իսկ թե ինչպես են այլ երկրներում նշում մայիսի 1-ը, ներկայացնում ենք ստորեւ:

Ֆինլանդիա



Ֆինլանդիայում մայիսի 1-ին նշում են Վապպու կոչվող տոնը, որը համարվում է նրանց ամենակարեւոր տոներից մեկը: Ֆինները, սակայն, տարբեր կերպ են տոնում այն: Օրինակ՝ քաղաքի բնակիչների համար այն համարվում է ավելի շատ ուսանողական ուրախ տոնակատարություն, որի ժամանակ ուսանողները զվարճանում են: Ֆերմերների համար այն գարնանային գեղեցիկ օր է, իսկ հայրենասերների համար՝ աշխատավորի օր: Ամենուր հնչում է երաժշտություն, տիրում բարձր տրամադրություն, իսկ երեկոյան՝ հրավառություն: Ֆինլանդիայում մայիսի 1-ն առավել շատ ասոցացվում է ազատության հետ, ուստի մարդիկ իրենց թույլ են տալիս գրեթե ամեն ինչ:  

Անգլիա 



Մայիսի 1-ն Անգլիայում համարվում է գարնանային գեղեցիկ տոն, ինչպես նաեւ՝ արթնացող բնության: Երկրի տարբեր հատվածներում տիրում է տոնական բարձր տրամադրություն, հնչում է երաժշտություն, կազմակերպվում են տոնավաճառներ եւ այլն: Անգլիացիները, ինչպես նաեւ զբոսաշրջիկները, այդ օրը յուրահատուկ են անցկացնում: Օրվա գլխավոր խորհրդանիշը մայիսյան ծառն է, որի շուրջ մարդիկ պարում են: 

Շոտլանդիա եւ Իռլանդիա



Շոտլանդիայում եւ Իռլանդիայում մայիսի 1-ը նույն կերպ են նշում: Տոնն ուղեկցվում է շոտլանդական եւ իռլանդական կենդանի երաժշտությամբ, պարերով, երգերով: Երեկոյան վառում են մեծ խարույկ, որի շուրջ մարդիկ նստում ու վայելում են պրոֆեսիոնալ արտիստների կողմից կազմակերպված զվարճալի ներկայացումներ, երգեր ու պարեր: Տոնակատարությունը նաեւ մոգություն է պարունակում: 

Գերմանիա 



Եթե դուք մայիսի 1-ին գտնվում եք Գերմանիայում, ապա պատրա՛ստ եղեք, որ ամեն քայլափոխի գուցե հանդիպեք վհուկների: Կախարդության հազարավոր սիրահարներ ամեն տարվա ապրիլի 30-ին բարձրանում են Գերմանիայի Բրոքեն լեռը՝  Վեռնիգերոդե քաղաքի շրջանում՝ Վալպուրգյան գիշերը տոնելու նպատակով: «Վալպուրգյան գիշեր» անվանումը կապված է սուրբ Վալպուրգիայի անվան հետ, ով միանձնուհի էր եւ 748 թվականին Անգլիայից եկել էր Գերմանիա՝ մենաստան հիմնելու նպատակով: Նա մեծ ճանաչում էր վայելում, եւ շուտով նրան սկսեցին պաշտել սրբի նման: Սրբերի հռոմեական ցուցակում նրա օրը մայիսի 1-ն է:

ԱՄՆ



ԱՄՆ-ում մայիսի 1-ը համարվում է հեծանվորդների օրհնության օր: Հեծանվորդները 68 կմ երթուղին հաղթահարելուց հետո մեծ շուքով նշում են օրը՝ տարբեր տոնակատարություններ եւ զվարճալի միջոցառումներ կազմակերպելով: